20/09/2024

Մեր երկրի պես այլ երկիր չես գտնի, որտեղ մի բան ասեն, այլ բան անեն

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ այդպես էլ չվճռեց Սահմանադրության «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը ներկայացնող հատվածը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, հիշեցնենք՝ առաջարկում է հրաժարվել այս դրույթից։

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, եւ հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն: Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։

«Իրազեկ քաղաքացիները» նախօրեին հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձեւավորված եւ չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձեւավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, ՀՀ նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին եւ կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ⅔-ով»։

2015-ին այս դրույթը դաժան քննադատության արժանացավ հայաստանյան ընդդիմության կողմից, գրեթե առանց բացառության բոլորը հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն այդպիսով փորձ է անում հավերժացնել իր իշխանությունը, քանի որ ցանկացած իշխանություն ցանկացած ընտրության ժամանակ ամենաբարձր ձայներն է ստանում, եւ կայուն մեծամասնության դրույթը մշտապես թույլ կտա միանձնյա իշխանություն ձեւավորել։

Սահմանադրությունը գրողները, մինչդեռ, այս դրույթի ամրագրումը ժամանակին բացատրում էին քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման անհրաժեշտությամբ: Որպեսզի կառավարություն ձեւավորելը չդառնա անհնարին, եւ երկրում կառավարման ճգնաժամ չառաջանա: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ի պատասխան այս թեմայով քննադատություններին, սկզբում հայտարարում էին, որ կվերանայեն այդ դրույթը։

Սակայն երեկ Փաշինյանի կուսակից, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով նաեւ բարեփոխումների խորհրդի անդամ է, էժանագին «կռուտիտ» էր անում, թե վերանայելը դեռ չի նշանակում հրաժարվել այդ դրույթից, գուցե քննարկենք եւ որոշենք, որ չենք հրաժարվում։ Մենք գրել էինք, որ իշխանության` օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է ՔՊ-ին փոշմանել այս հարցում, մանավանդ որ աճում է արեւմտամետների վարկանիշը, եւ այս առաջարկով վերջիններս փորձում են հող պատրաստել իշխանությանը փաստացի տեր դառնալու համար՝ վստահ, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը եւ մնալու է իրենց հետ դաշինք կազմելու հույսին։

Նույն ՔՊ-ական տիկինը երեկ տարակուսանք հայտնեց՝ Հայաստանը զգայուն վիճակում է, ո՞նց կարող ենք թույլ տալ, որ անընդհատ չունենա կայուն իշխանություն, աշխատող կառավարություն։ Դանիել Իոաննիսյանը հակադարձում էր, որ անընդհատության մասին խոսք լինել չի կարող, եթե սահմանված ժամկետում կոալիցիա չձեւավորվի` նոր ընտրություններ կկազմակերպվեն։ Հարցի քննարկումը կշարունակեն հաջորդ նիստին, սակայն ակնհայտ է, որ ՔՊ-ականները դեմ են այդ դրույթից հրաժարվելուն։ Նրանց սիրտը միանձնյա իշխանություն է ուզում եւ շատ երկար ժամանակով:

Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի համահիմնադիր, փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ իրապես կայունություն ցանկացող իշխանությունը պետք է նաեւ կայուն վարքագիծ դրսեւորի․ «Իսկ իրենք մի ամիս մի բան են ասում, հետո՝ ուրիշ բան: Ու այդ հանձնաժողովն էլ` իրենց հրավիրած, իրենց առաջադրանքները կատարող հանձնաժողովն է, դուրները չի գալիս, թող փոխեն»։ Խուդոյանը չի կարծում, որ այս հարցը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է․ «Ամենաիդեալական համակարգերի դեպքում էլ եթե կա ընտրություններին ոչ իրավաչափ միջամտելու ցանկություն, եւ չկա քաղաքական կամք, ինչ մոդել էլ ուզում ես ընտրի, անիմաստ է դառնալու»։

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի համոզմամբ՝ կարեւորը մոդելը չէ, առանց դրա էլ այս իշխանություններն իրենց գործը կանեն, մեր պետության պայմաններում կայուն մեծամասնության նորմի ամրագրումը․ Բալայանի խոսքով, տանում է բացառապես «մենիշխանության»: «Ընդհանրապես, նման դրույթի ամրագրումը կախված է ցանկացած երկրի ժողովրդավարության մակարդակից։ Դեռ այն ժամանակ, երբ ուզում էին այդ դրույթն ամրագրել, ես Գագիկ Հարությունյանին ասացի, որ մեր կուսակցական համակարգմ այնքան չի զարգացել, որ ժողովուրդն ընտրություն կատարի` ոչ թե ելնելով ներկայացված ծրագրերից եւ կատարած աշխատանքներից, այլ… իհարկե, նախընտրական շրջանում միշտ էլ խոստումներն ավելի շատ են լինում, քան դրանք կատարվում են, բայց մեր երկրի պես որեւէ այլ պետություն չես գտնի, որ ասեն մի բան, անեն` հակառակը»։

Բալայանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի կուսակցության ծրագրային դրույթները՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, անկախության ամրապնդում եւ այլն․ «Ամեն ինչ կար ծրագրում, այդ թվում՝ հետպատերազմյան ծրագրում, բայց իրականության մեջ գնաց լրիվ հակառակ ուղղությամբ։ Դա հանգեցրեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ե՛ւ Հռչակագիրը, ե՛ւ Սահմանադրությունը, Գերագույն խորհրդի որոշումն առ այն, որ ՀՀ որեւիցե պաշտոնյա իրավունք չունի Ղարաբաղը ճանաչել այլ երկրի կազմում, գնաց, Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմի մեջ։ Այնպես որ, Հայաստանում ո՛չ կարգ է գործում, ո՛չ օրենք: Իշխանության համար տարբերություն չկա, թե ինչ մոդել է»։

Հարցրինք՝ եթե իշխանությունը, այդուհանդերձ, անում է այնպես, ինչպես իրեն է հարմար, ինչո՞ւ չեն հրաժարվում այդ դրույթից։ «Գիտեք, ես չեմ կարծում, որ մեր երկիրը Նիկոլ Փաշինյանն է կառավարում, նրան իշխանության բերած ուժերն են կառավարում, համոզված եմ՝ Փաշինյանը շատ դեպքերում կուզենար հրաժարական տար ու պրծներ, բայց ոչ մեկը թույլ չտվեց, հետեւաբար, միայն իր անձով մի պայմանավորեք իր որոշումները։ Դուք տեսե՞լ եք, որ երբեւիցե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը բռնություն կիրառած ոստիկանների գործողությունների փոխարեն խոսի ցուցարարների գործողությունների մասին, էլ ինչի՞ մասին ենք խոսում»։