20/09/2024

Սուխումը պատրաստվո՞ւմ է Թբիլիսիի հետ հարաբերություններին

Աբխազիայի նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Շամբան սենսացիոն քայլի է դիմել. Սուխումում լրագրողներին ճեպազրույցի է հրավիրել և հայտարարել, որ սեպտեմբերի 1-ից ՌԴ կառավարության որոշմամբ Մոսկվան դադարեցրել է Աբխազիայի բյուջետային աշխատողների «աշխատավարձի համաֆինանսավորումը»:

Ըստ որոշ աղբյուրների, նման խնդիր առաջացել է Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից. Սուխումին պարտավորել է սեփական միջոցներով բյուջետային ֆինանսավորումը հասցնել «85 տոկոսին», բայց ստանձնած պարտավորությունը չի կատարել:

Շամբան նաև ասել է, որ հաջորդ տարեսկզբից Աբխազիան ստիպված կլինի Ռուսաստանից ստացվող էլեկտրական էներգիայի համար «վճարել կոմերցիոն գներով»: Իրազեկ աղբյուրները պնդում են, որ խնդիրը քաղաքական է. Մոսկվան պահանջել է «արտահանձնել շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր գործիչների, ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն»: Նրանք մեղադրվում են «Աբխազիան՝ աբխազների համար» կարգախոսով հակառուսաստանյան գործունեություն իրականացնելու մեջ:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Մոսկվան ընդդիմադիր գործիչներին արտահանձնելու պահանջ է ներկայացրել, Շամբան պատասխանել է, որ իր «գերատեսչությունը նման փաստաթուղթ չի ստացել»: Դա ավելի շատ նման է տեղեկությունը հաստատելուն. պարզ է, որ արտահանձնման հարցը ոչ թե ԱԳՆ, այլ՝ դատախազության և ՆԳՆ իրավասության տիրույթում է:

Իսկ առհասարակ, Սերգեյ Շամբայի կողմից նման դելիկատ հարցերի հրապարակայնացումն արդեն իսկ վկայում է, որ Սուխումում անկախության ճանաչման էյֆորիան տեղը զիջում է ֆրուստրացիային:

Ռուսաստանյան մամուլը մեղադրում է աբխազ ազգայնականներին, որ «առկախ են թողել Օչամչիրայի, Տկվարչելիի և Գուդաուտայի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»: Խոսքը իրականում ռուսաստանյան ընկերությունների կողմից հիշյալ տարածքներում 10 հազար «ապարտամենտների կառուցման բիզնես նախագծի» մասին է, որն իրավական ձևակերպում չի ստացել ընդդիմության բողոքի ցույցերի պատճառով:

Ռուսաստանցի փորձագետ Արթուր Աթաեւի գնահատմամբ՝ Մոսկվայի այդ քայլերից «չի կարելի ենթադրել, թե Ռուսաստանը մտադիր է Աբխազիան հանձնել Վրաստանին»: Նա կարծում է, որ խնդիրը «ավելի արդյունավետ հարաբերություններ հաստատելն է»:

Ըստ տեղեկությունների, Աբխազիայի առաջնորդ Բժանիան օգոստոսի 26-ին «հրավիրվել է» Կրեմլ, որտեղ նրան ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակը: Առաջադրվել է «ագրեսիվ ազգայնականությունը զսպելու» խնդիր:

Մոսկվան «ագրեսիվ ազգայնական» է համարում նրանց, ովքեր դեմ են խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած առողջարանային համալիրները վերստին Կրեմլի սեփականություն ճանաչելուն, ինչպես նաև ռուսներին հողի գնման իրավունք շնորհող օրենքին:

Երբ մեկ ամիս առաջ Սերգեյ Շամբան նշանակվել էր արտգործնախարար, ռուսաստանյան մամուլը գրեց, որ Մոսկվայի համար նրա հետ ավելի հարմար է աշխատել: Չի բացառվում, որ Շամբան Մոսկվայի հետ համաձայնեցված բացահայտումներ է արել: Խիստ կարևոր է նկատի առնել, որ աբխազական վերնախավում նա միակ գործիչն է, որ տարիներ առաջ բարձրացրել է Վրաստանի հետ «դե-ֆակտո հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության» հարցը: