22/11/2024

«Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալ, ԶՈՒ ավիացիայի նախկին պետն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն. Լուսանկար

ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են կանչվել ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը, ինչպես նաև նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Մելինե Ասատրյանը, դուստրը՝ Լիլիթ Մուրադյանը։

«Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- մասնավորապես նշված է վերջիններիս ուղարկված ծանուցագրերում: Հիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան ս.թ. սեպտեմբերի 11-ին։ Նշենք, որ Ավետիք Մուրադյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2019-ին, մարտի 13-ին։

ԱԱԾ-ն, հիշեցնենք, 2021-ի սեպտեմբերին հաղորդագրություն էր տարածել և հայտնել՝ բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառած հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Մուրադյանը կալանավորվել էր, ապա որոշ ժամանակ անց ազատվեց կալանքից։ Նրան «անպիտան հրթիռների գործով» մեղադրանք է առաջադրվել, որը Հակակոռուպցիոն դատարանում է։ Այս գործով յոթ մեղադրյալներից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է, մյուսը՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։