Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է երկրի նոր վարչապետ՝ 73-ամյա Միշել Բերնյե, որը ֆրանսիական քաղաքականության «հնաբնակներից է, բավականին փորձառու եւ մեծ կենսագրություն ունեցող գործիչ:
Բերնյեն մի քանի անգամ զբաղեցրել է նախարարական պորտֆելներ՝ տարբեր կառավարություններում, այդ թվում եղել է նաեւ երկրի արտաքին գործերի նախարար: Միշել Բերնյեի նշանակումը տեղի է ունենում Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրությունից ավելի քան երկու ամիս անց:
Այդ ընթացքում Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ըստ էության թափուր էր, իսկ Գաբրիել Աթալը, որ հրաժարական էր ներկայացրել արտահերթ ընտրությանը ձախերի հաղթանակից հետո, ժամանակավոր պաշտոնավարում էր Մակրոնի խնդրանքով: Նոր վարչապետի նշանակման հարցում առանցքային ուշադրության առարկան այն է, որ նա Ֆրանսիայի քաղաքական դաշտի աջ պահպանողական թեւի ներկայացուցիչ է՝ Միավորում հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչ, որը այսպես ասած գոլիստական թեւից սերող ուժ է, որի առաջնորդ եղել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:
Միշել Բերնյեի վարչապետ նշանակումով Ֆրանսիայի նախագահն ըստ երեւույթին փորձում է կառավարելի դարձնել Ֆրանսիայում գերակշռող աջ տրամադրությունները: Չնայած խորհրդարանի ընտրությանը ձախ ուժերի հաղթանակին, Ֆրանսիայում այդուհանդեձ վերելք են ապրում աջ տրամադրությունները, որոնց հիմնական կապիտռալիզացնողը ծայրահեղ աջ դիրքերից ներկայացող Մարին Լե Պենն է: Ի դեպ, հենց նրա ուժն էր հաղթել թե Եվրախորհրդարանի ընտրություններում, թե նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում:
Հենց Եվրախորհրդարանի ընտրություններում նրա հաղթանակից եւ Մակրոնի կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրության: Առաջին փուլում Մարին Լե Պենի առաջնորդած ծայրահեղ աջ ուժի հաղթանակից հետո ֆրանսիական ընտրական համակարգի առանձնահատկությունների շնորհիվ երկրորդ փուլում փոխվեց դասավորությունն ու առաջին տեղում հայտնվեցին ձախերը, բայց անշուշտ չեն փոխվում հասարակական տրամադրության միտումները եւ Ֆրանսիայի նախագահը փորձում է թերեւս աջ վարչապետի նշանակումով կառավարել այդ տրամադրությունները: Այստեղ սակայն կա գուցե նաեւ ավելի լայն խնդիր:
Աջ ուժերի դիրքերը ամրանում են ամբողջ Եվրոպայում եւ այդ իմաստով, եվրոպական առաջնորդության դիրքը պահելու խնդիր ունեցող Ֆրանսիան չի կարող լուծել այդ խնդիրը, եթե չկարողանա ըստ էության առնչվել եվրոպական այդ միտումներին եւ լինել դրանց առաջնորդող: Հատկապես այն պարագայում, երբ այդ հարցում «դրոշակակիր» լինելու հայտ է ներկայացրել Հունգարիայի վարչապետ Օրբանը:
Իհարկե նրա խաղադրույքի մի զգալի մասը Տրամպի վրա է, որի հաղթանակը գրեթե անխուսափելի էր Բայդենի պարագայում, սակայն ըստ էության բավականին անորոշ հեռանկար ունի Հարիսի մրցակցության դեպքում:
Այդուհանդերձ, եվրոպական իրողությունները դրանից քիչ են փոխվում, հետեւաբար քիչ են փոխվում նաեւ Ֆրանսիայի՝ ոչ միայն ներֆրանսիական, այլ նաեւ ներեվրոպական խնդիրները: Մակրոնի նշանակումը նաեւ դրանք կառավարելիության սահմանում պահելու փորձ է: Կստացվի՞, կամ ինչպես կստացվի, կերեւա ժամանակի ընթացքում: Հարկ է նաեւ նկատել, որ Ֆրանսիայի նոր վարչապետը բավականին բարյացկամ տրամադրվածություն ունի Հայաստանի եւ հայության հանդեպ:
Ավելին, նա Արցախ է այցելել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր եղած տարիներին: Այդ հանգամանքները հուշում են, որ Ֆրանսիայի նոր վարչապետի հետ արդյունավետ գործակցություն կարող է ունենալ Ֆրանսիայի հայ համայնքը: Եվ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանն էլ իր հերթին կարողանա թե պաշտոնական մակարդակի շփումներում օգտագործել այդ հանգամանքը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունը զարգացնելու համար, թե կարողանա օգտագործել նաեւ հայ համայնքի ինստիտուցիոնալ կարողությունները այդ հարցում:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը