19/02/2026

Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն

sahman syun

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը իր տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Միրզոեւի հետ իրականացրել են «պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգայց», ինչպես հայտնում են Ադրբեջանի լրատվամիջոցները:

Հասանովը, ըստ այդ լրատվության, դրել է մարտական պատրաստությունը, ինչպես նաեւ զգոնությունը բարձրացնելու կոնկրետ խնդիրներ:

Ի՞նչ «պայմանական սահմանի» մասին է խոսքը, ո՞ր սահմանի ուղղությամբ տեղեկայված ստորաբաժանումների առաջ է Հասանովը դնում մարտական պատրաստությունը բարձրացնելու եւ զգոնությունը մեծացնելու «կոնկրետ խնդիրներ»: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, պաշտոնական մակարդակով օգտագործում է «հայ-ադրբեջանական պայմանական սահման» անվանումը:

Իհարկե, Հասանովի ստուգայցի վերաբերյալ ձեւակերպումը այսպես ասած ռազմավարժական տերմինաբանություն է, ինչպես օրինակ «պայմանական հակառակորդ» տերմինը, որ օգտագործվում է տարբեր երկրներում զորավարժությունների ժամանակ, սակայն այդուամենայնիվ ինքնին փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իրականացնում է սահմանային հատվածներում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգայց եւ դնում կոնկրետ խնդիրներ, պահանջում է մեծ ուշադրություն:

Հատկապես այն հռետորաբանության ֆոնին, որ Ադրբեջանը կիրառում է Հայաստանի հանդեպ, հանիրավի մեղադրանքներ բարձրաձայնելով «ռեւանշի նպատակով սպառազինվելու» մասին, պարբերաբար իրականացնելով իբրեւ թե հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվական արշավներ:

Նախօրեին Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացավ սահմանազատտման եւ սահմանագծման հանձնաժողովների միջեւ ստորագրված կանոնակարգը, որն ուղարկվեց Սահմանադրական դատարանի քննությանն ու հետո դրվելու է ԱԺ վավերացման:

Ադրբեջանն առայժմ չի սկսել կանոնակարգի հաստատման ներպետական ընթացք, փոխարենը կանոնակարգի ստորագրումից հետո պաշտպանության նախարարը իրականացնում է «պայմանական սահմանին» մոտ տեղակայված ցամաքային զորքերի մարտական պատրաստության ստուգայց եւ դնում «զգոնության» ու մարտական պատրաստության ավելացման «կոնկրետ խնդիրներ»:

Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն, թե՞ այդ կանոնակարգի շրջանակում կազմակերպվելիք աշխատանքային գործընթացը ռազմական շանտաժով ուղեկցելուն, որի շնորհիվ մտադիր է կանոնակարգը ծառայեցնել ոչ թե իրապես միջազգային նորմերի ու սկզբունքների արտացոլմամբ հավասարակշռված գործընթացի, այլ ռազմա-քաղաքական ագրեսիայի առիթի: