15/10/2024

Բաքվում ինչ է փնտրում ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան

Բաքու է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավար, գեներալ Պատրիկ Պրայորը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ էության, Ադրրբեջան է ժամանել ամերիկյան բանակի բարձրաստիճան հետախույզ: Որն է նրա այցի նպատակը, չի մանրամասնվում: Հետաքրքիր է, այցը կայանալու է միայն Ադրբեջա՞ն, թե՞ նախատեսված է ռեգիոնալ ձեւաչափ եւ ամերիկացի հետախույզ գեներալը կայցելի նաեւ Հայաստան ու Վրաստան:

Սա երկրորդական հանգամանք չէ, քանի որ գոնե փոքր ինչ կընդլայնի այցի հնարավոր մոտիվների դիտարկման «աշտարակի» տարածքը կամ բարձրությունը:

Հատկանշական է սակայն, որ Բաքու այցելում է ոչ թե ԱՄՆ հետախուզական կենտրոնական վարչության պաշտոնյա, այլ բանակի հետախուզության բարձրաստիճան գեներալ: Ինչպես հայտնի է, նախկինում եղել են Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների այցեր:

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսին ռեգիոն էր այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյան Բերնսը, որը եղել է ռեգիոնալ երեք մայրաքաղաքներում, թե նրա այցի առնչությամբ տեղեկատվություն բարձրաձայնել է միայն Երեւանը, չնայածխ հանգամանքին, որ ամերիկյան կողմը հակված է եղել չհանրայնացնել այցը: 2024 թվականի մայիսին Հայաստան է ժամանել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բերնսի տեղակալ Դեյվիդ Քոենի գլխավորած պատվիրակությունը:

Այդ այցի առնչությամբ էլ, տեղեկատվություն տարածել է միայն Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն չի տարածել այցի մասին:

Ըստ այդմ նաեւ պարզ չէ, թե արդյո՞ք Դեյվիդ Քոենն էլ, ինչպես 2022 թվականին իր ղեկավար Բերնսը, այցելել է ռեգիոնալ այցով, սակայն առանց հանրայնացման, որպիսի ռեժիմին չի համաձայնել միայն Հայաստանի կառավարությունը:

Այժմ Բաքու է ժամանում ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան, որի այցը սակայն ուղեկցվում է հենց ամերիկյան կողմի տեղեկատվությամբ, թեեւ առանց մանրամասների, թե որն է այցի նպատակն ու ինչ օրակարգ է քննարկելու ամերիկացի գեներալ հետախույզը Ադրբեջանում:

Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնին հետաքրքրող հարցերի շրջանակը բնականաբար լայն է, եւ այն առնչություն կունենա ինչպես Հարավային Կովկասին անմիջականորեն վերաբերող թեմաների, այդ թվում թե Վրաստանին, թե Հայաստանին առնչվող, այնպես էլ իհարկե Մերձավոր Արեւելքին, Իրանին, ու նաեւ Կենտրոնական Ասիային:

Ի դեպ, օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցի առնչությամբ դիտարկել է ԱՄՆ արձագանքի պարագան, հարցադրում անելով, թե արդյո՞ք այդ այցից հետո կլինի ԱՄՆ պետքարտուղարի կապ Իլհամ Ալիեւի հետ: Փաստորեն, Պուտինի Բաքու այցից հետո Ադրբեջանի հետ ԱՄՆ առաջին բարձրաստիճան կոմունիկացիան, առնվազն հրապարակային տիրույթում, բանակի հետապույզ գեներալի այցն է: