2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների համար առաջնային խնդիրներից է շարունակում մնալ աշխատանքային ստաժի հարցը: Մարդիկ կենսաթոշակ ձևակերպելու խնդիրների առաջ են կանգնում, քանի որ բացակայում են որոշ բազաներ, որտեղ ամբողջությամբ ֆիքսված կլինի նրանց աշխատանքային ստաժը:
«Փաստերի ստուգման հարթակը» Արցախից բռնի տեղահանվածների՝ կենսաթոշակ ստանալ–չստանալու մասին բազմաթիվ ընթերցողների բարձրացրած հարցերին պարզաբանումներ ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Նախարարությունից, նախ, տեղեկացրել են, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ բռնի տեղահանված 26,027 անձի նշանակվել է կենսաթոշակ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցումով մենք հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է հաշվարկվում 2023 թվականին բռնի տեղահանված այն արցախցիների աշխատանքային ստաժը, որոնք ցանկանում են կենսաթոշակ ձևակերպել։
«Կենսաթոշակների նշանակման, աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները հաշվարկելու առանձնահատկություններին, կարգին ու պայմաններին, կենսաթոշակի հաշվարկման կարգին առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով և Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665—Ն որոշմամբ: Որոշման N 2 հավելվածի 2.1-ին կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային (աշխատանքի ընդունվելուց մինչև ազատելու օրն ընկած) և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները»,— ի պատասխան՝ փոխանցել են նախարարությունից։
Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց են աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, նախարարությունից արձագանքել են․ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ: 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝ 1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի»։
Այսինքն, եթե աշխատանքային գրքույկում մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժի վերաբերյալ կան անհրաժեշտ տվյալներ՝ ընդունման և ազատման հրամանների օր, ամիս, տարի, ապա այս դեպքում աշխատանքային գրքույկում այդ տվյալները հիմք են աշխատանքային ստաժը հաշվառելու համար։ Աշխատանքային ստաժը հաշվարկվում է նաև արխիվային տեղեկանքներով, որոնք, օրինակ, կարող են լինել անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ արխիվային տվյալներ պարունակող փաստաթղթեր։
Մեր մյուս հարցերին, թե ինչպե՞ս է հաշվարկվում այն արցախցիների աշխատանքային ստաժը, որոնք չեն հասցրել իրենց հետ վերցնել աշխատանքային գրքույկները, և արդյո՞ք վերականգնվում են 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժի մասին տվյալները, նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Կառավարության թիվ 665—Ն որոշման N 2 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ նշումներ կամ չկան գրառումներ աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ։ Ինչպես նաև, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ:
Նախարարությունից նաև նշել են, որ աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են։
Ըստ այդ կանոնների, ստաժը հաստատվում է, եթե կա աշխատանքային գրքույկ կամ աշխատելու փաստը հաստատող արխիվային փաստաթուղթ: 1992-2014 թթ. ստաժը հաստատելու համար պետք է նաև սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ:
Նույն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում անհատական հաշվառման տվյալների բազան և հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների տեղեկությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազան:
«Օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող մարմնին՝ Միասնական սոցիալական ծառայությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազան, իսկ որոշ արխիվային փաստաթղթեր փոխանցվել են նաև Հայաստանի ազգային արխիվ։ Ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածները անձանց ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառելու հարցերը քննության են առնվում յուրաքանչյուր դեպքով առանձին՝ հաշվի առնելով տեղեկատվական բազաներում առկա տեղեկությունը»,— հավելել են նախարարությունից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ինչպես ՀՀ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում կլինեն աշխատանքային գործունեության ժամանակահատվածներ, որոնք չեն հաստատվի եղած արխիվային փաստաթղթերով կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությամբ։ Նախարարությունից նաև ընդգծել են, որ օրենսդրական փոփոխություններով ընդլայնվում է այն դեպքերի շրջանակը, երբ չի պահանջվում սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ:
Այս դեպքերն արդեն իսկ տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի վրա։ Սա լուծում է թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ ՀՀ տարածքում ձեռք բերված այն ստաժերի համար, որոնք հաստատելը մի կողմից օբյեկտիվորեն անհնար է, մյուս կողմից՝ համապատասխան կազմակերպություններն այդ տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։
Մասնավորապես, Կառավարության թիվ 665—Ն որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է՝
- մինչև 1998 թվականի հունվարի 19-ը՝ քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում),
- քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում, արխիվներում և այլն:
Մինչև 2014 թ․ հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող՝ Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թ․ հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով։
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար