13/10/2024

Ալիևը՝ Գլոբալ հարավի և Հյուսիսի միջեւ «պոտենցիալ կամուրջ»

Ավարտվել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի Իտալիա երկրօրյա այցը: Այն նախապես «գործնական» էր անվանվել, բայց հետո փոխվեց «պաշտոնականի»:

Բայց դա այնքան էլ էական չէ, որքան՝ իշխանական մամուլի ծավալուն հոդվածը, որի հեղինակը նախագահական զույգի հանդիպումների և ժամեր տևած բանակցությունների ամփոփ արդյունք է գնահատում Իլհամ Ալիեւի այս հայտարարությունը. «Թեև Ադրբեջանը միջազգային քաղաքականության առանցքային դերակատար չէ, բայց, կարծում եմ, մենք կարող ենք կամուրջ լինել Գլոբալ հարավի և Գլոբալ հյուսիսի միջեւ»:

Տասնամյակներ շարունակ, իսկ քառասունչորսօրյա պատերազմից հետո՝ հատկապես, Ադրբեջանը ներկայացել է որպես Արեւմուտքի և Արեւելքի միջեւ «կամուրջ»: Պետական ողջ քարոզչությունն ուղղված էր այն հեռանկարի գեներացմանը, որ «առանց Ադրբեջանի համաձայնության Եվրամիությունը չի կարող մուտք գործել ոչ միայն Հարավային Կովկաս, այլև՝ Կենտրոնական Ասիա»:

Իտալիայում քաղաքական և գործնական քննարկումներից Ալիեւն ի՞նչ է հասկացել կամ, ավելի ճիշտ՝ նրան ի՞նչ են հասկացրել, որ մամուլին հանձնարարել է Ադրբեջանը ներկայացնել արդեն որպես Գլոբալ հարավի և Հյուսիսի միջեւ «պոտենցիալ կամուրջ»:

Խնդիրը բավական բարդ է: Բանն այն է, որ եթե Գլոբալ հարավը պայմանականորեն կարելի է համարել կայացած, այդ ձեւակերպումը՝ քաղաքական իմաստով ընդունված, ապա «Գլոբալ հյուսիս» ոչ միայն գոյություն չունի, այլեւ նման հասկացություն, կարծես, առաջին անգամ է շրջանառության դրվում:

Ադրբեջանի հյուսիսը Ռուսաստանի հետ սահմանն է, ռուս-ադրբեջանական կոմունիկացիաներն են, որոնք արդիականացվում, ընդլայնվում, տեխնոլոգիապես նորացվում են, որպեսզի ծառայեն Սանկտ-Պետերբուրգ-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքին:

Բայց դա դեռեւս նախագիծ է, իսկ Արեւելքն Արեւմուտքին կապող «միջին միջանցքն» արդեն փաստ է, գործում է. Չինաստանից կոնտեյներային գնացք է հասել Թուրքիա, Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ համաձայնություններ ունի, նավահանգստային նոր ենթակառուցվածքներ է ստեղծում:

Այս ֆոնին Գլոբալ Հարավի և Հյուսիսի միջեւ «կամուրջ լինելու» հայտը և խոստովանությունը, որ Ադրբեջանը միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատար չէ, արդյոք չի՞ նշանակում, որ Եվրամիությունը Կենտրոնական Ասիա մուտքի այլ լոգիստիկա է մշակում:

Արդյոք դրանով չի՞ պայմանավորված, որ Կենտրոնական Ասիան 5+1 ձեւաչափով քննարկումներ ունի Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ, իսկ մոտակա օրերին նույն ձեւաչափով գագաթաժողով կգումարվի Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ:

Ամեն ինչ, իհարկե, չի տրվում աշխարհագրական կոորդինատային չափումների: Ալիեւը շատ մոտ է ռուսական գազը «ադրբեջանական» մակնշմամբ՝ Ուկրաինայի տարածքով ԵՄ երկրներ մատակարարելու գործարքին, որի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նշանակությունն է կարեւոր, որովհետեւ խոսքը գործնականում գազի մեծ ծավալների մասին չէ:

Բայց ո՞րն է «Գլոբալ հյուսիսը»: Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան «առանցքը»՞: Չինաստանն արդեն իսկ Գլոբալ հարավում է. Իրանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր ունի, մեծածավալ ներդրումներ է կատարում Պարսից ծոցի երկրներում, Հնդկական օվկիանոս կարող է դուրս գալ ինչպես Պակիստանի տարածքով, այնպես էլ Կենտրոնական Ասիա-Իրան-Պարսից ծոց երթուղով:

Ադրբեջանը Գլոբալ հարավի և Հյուսիսի միջեւ «կամուրջ դառնալու» մեկ հնարավորություն ունի՝ Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության տրանզիտի ապահովումը: Իսկ թե ինչու՞ նա այդ մասին հայտարարում է Իտալիայում երկօրյա հանդիպումներից հետո, բարդ է կռահել. գուցե Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններում չբարձրաձայնվող «նրբություններ» կան: