22/11/2024

Հայաստանի միջուկային էներգետիկայի նոր՝ մոդուլային կայանների տրամաբանությունը

Տարածքային կառավարման ու էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարարը Արմենպրեսին հայտնել է, որ ամերիկյան ընկերության հետ սկսել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն:

«Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը», հայտարարել է նա, ասելով, որ աշխատանքը նախատեսվում է ավարտել 2025 թվականի գարնանը:

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ գործնականության ցանկացած քայլ ողջունելի է անշուշտ, սակայն հարցը լայն իմաստով ունի թերեւս պարզելու մի կարեւոր հանգամանք: Հայաստանի նոր ատոմակայանի մասին խոսակցության առումով հարցը դիտվում է կամ մոդուլային կամ այսպես ասած առավել մասշտաբային տարբերակի ընտրություն, թե՞՝ եւ-եւ տարբերակ:

Դա սկզբունքային հարց է ոչ միայն տնտեսական, կամ այսպես ասած տեխնիկատնտեսական ու ֆինանսական տեսանկյունից, այլ քաղաքական, անվտանգային բաղադրիչների: Եթե Հայաստանում 2036 թվականին կանգնում է Մեծամորի ատոմակայանը, որի շահագործման ժամկետը կարծես թե վերջին անգամ է երկարաձգվում մինչեւ այդ ժամանակահատվածը, ապա Հայաստանի միջուկային էներգետիկայի նոր՝ մոդուլային կայանների տրամաբանությունը Հայաստանի համար հիմնավորապես նվազեցնելու է դրա քաղաքական, ըստ այդմ նաեւ անվտանգային որոշակի բաղադրիչը:

Իհարկե առանձին հարց է այն, թե ընդհանրապես աշխարհում ինչպիսի էֆեկտիվություն ունի մոդուլային կայանների տեխնոլոգիան, որովհետեւ այդ տեխնոլոգիան ներկայումս ունի պրակտիկ ուսումնասիրվածության խնդիր:

Տեխնոլոգիան դեռեւս սաղմնային փուլում է ամբողջ աշխարհում: Սակայն, դրանով հանդերձ, կասկածից վեր է, որ Հայաստանի միջուկային էներգետիկայի «նշաձողի» իջեցումը մոդուլային մակարդակի, իջեցնելու է այն քաղաքական որոշակի էֆեկտի բաղադրիչը, որ Հայաստանի համար ունի այսպես ասած «մեծ ատոմակայանը»:

Հետեւաբար, Հայաստանի ռազմավարական շահը պահանջում է, որպեսզի Հայաստանում միջուկային էներգետիկայի հեռանկարի վերաբերյալ քննարկումներում եւ ուսումնասիրություններում մոդուլային ատոմակայանների հարցը դիտարկվի նվազագույնը՝ եւ-եւ տրամաբանությամբ, այսինքն, դրա քննարկումը օրակարգից ոչ մի կերպ դուրս չբերի առավել մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման հարցը: