22/11/2024

«Մեր վերջին հանդիպման ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ». Ռուսլան Թովմասյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ

«Հանգիստ ու խելացի երեխա էր Ռուսլանս: Սիրված էր, հարգված: Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Ֆիզիկապես ուժեղ էր, սիրում էր մարզվել: Իր ընկերներին էլ էր «ստիպում», որ մարզվեն: Սիրողական բռնցքամարտով է զբաղվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Ռուսլանի մայրիկը:

Ռուսլանը ծնունդով Արմավիրի մարզի Շենավան համայնքից է: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է գերազանց: «Նույն հարգանքն ու սերը նաև դպրոցում էր վայելում, ինչպես յուրաքանչյուր շրջապատում: Դպրոցն ավարտելուց հետո ֆիզիկա և մաթեմատիկա պարապեց, ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժին»: Ռուսլանին հետաքրքրում էր արհեստական բանականությունը: Մաթեմատիկայի հանդեպ սերը նրա պարագայում յուրահատուկ էր: Նա մասնակցել է մի շարք օլիմպիադաների, այդ թվում՝ «Կենգուրուին»: Ռուսլանը բուհ ընդունվել է, բայց ուսանող լինել չի հասցրել, քանի որ զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Այն ավարտելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո, բացի կրթությունը, այլ երազանքներ Ռուսլանը ևս ուներ:

«Ցանկանում էր գինու գործարան հիմնել»: Բայց նախ՝ պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ հետո՝ երազանքների իրականացումը: 2021 թ. հուլիսի 26-ին Ռուսլանը զորակոչվում է Հայկական զինված ուժեր: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, հետո՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Դեռ փոքրուց շատ էր սիրում զինվորականի գործը, համազգեստը: Շատ սիրով մեկնել է ծառայության, մենք էլ ենք իրեն ուրախ ճանապարհել»: Անցնելով «Երիտասարդ մարտիկ» դասընթացը՝ Ռուսլանը ծառայությունը շարունակել է ՊՆ թիվ N զորամասում՝ որպես նռնակաձիգ: Մայրիկն ասում է՝ որդին եղել է օրինակելի, կարգապահ զինվոր: Ռուսլանն իրականացրել է մարտական հերթապահություն հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում: 2020 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց Հայաստանում: Տիկին Լիլիթն ասում է՝ դրանից օրեր առաջ այցելել էին որդուն: «Օգոստոսի 28-ին իր մոտ էինք գնացել:

Հրաժեշտ տալու ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ: Այն հիմա մեր տան իր անկյունում դրված է: Ծառայության ժամանակ, այդ օրը ևս որևէ բան չի ակնարկել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է: Ռուսլանիս հետ վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23:50-ին, պատերազմի սկսվելուց րոպեներ առաջ: Ինձ հետ խոսեց, ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի: Ընկերոջ և հորեղբոր տղայի ծնունդն էր՝ մա՛մ, իրենց էլ զանգեմ, շնորհավորեմ, հետո առավոտյան կզանգեմ ձեզ: Զանգել, տղաների հետ խոսել էր, ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել: Ու դրանից հետո էլ իրենից զանգ չստացանք»: Հարյուրավոր զանգեր այդպես էլ չհնչեցին, նույնքան զանգեր անպատասխան մնացին: Պատերազմ էր: Սեպտեմբերի 13-ին Ռուսլանը եղել է մարտական դիրքում. «Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ: Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության»: Ռուսլանն օգնել է վիրավոր ընկերոջը, նրան տարել ապահով տարածք: Իր հրամանատարի հետ կռվել են մինչև վերջին փամփուշտը:

«Մինչև սեպտեմբերի 20-ը սպասել ենք նորության, մեզ ասում էին՝ հնարավոր է, որ թաքնված լինեն, նշում, որ գուցե փախել են: Բայց երեխեքը չեն փախել, մինչև վերջ կռվել են, օգնությունն այդպես էլ իրենց չի հասել: Մինչև վերջին պահն օգնություն և զենք են ուզել, բայց որևէ մեկն իրենց օգնության չի հասել: Տղաները շրջափակման մեջ են հայտնվել»: Ռուսլանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում: Օրեր անց մեր 95 տղաների հետ տուն է «վերադարձել»: «Սեպտեմբերի 22-ին նոր գտել ու իմ բալին տուն ենք բերել: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, տղաս ճանաչելի է եղել»: Ռուսլանը կրտսեր քույրիկ ունի: Հենց նա էլ ուժ է տալիս ընտանիքին ամուր լինելու, չթուլանալու: «Ապրելու այդ ուժը նաև Ռուսլանից ենք ստանում»:

Հ. Գ. – Ռուսլան Թովմասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Շենավանի գերեզմանատանը: 2023 թ.-ին Շենավանում կանգնեցվել է խաչքար-հուշարձան՝ նվիրված գյուղի անմահացած տղաներին, նրանցից մեկը Ռուսլանն է: Հայրենի գյուղի դպրոցում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հովանավորությամբ բացվել է Ռուսլան Թովմասյանի անվան ռազմագիտության դասարան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ