Եթե Թուրքիան դրսեւորի քաղաքական կամք, հենց վաղն էլ հնարավոր է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունը, Երեւանում տեղի ունեցող «Երեւանյան երկխոսություն» դիվանագիտական միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հայկական կողմի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա ասել է, թե Հայաստանի որեւէ իշխանություն 1991 թվականից ի վեր Թուրքիայի առաջ երբեք չի դրել պատմության խնդիր եւ մշտապես պատրաստ է եղել բաց սահմանով հարաբերության: Հայաստանի որեւէ իշխանություն Թուրքիայի առաջ չի դրել պատմության խնդիր, բայց պատմության խնդիր Հայաստանի առաջ դնում է Թուրքիան:
Իհարկե ավելի «ուղիղ» տեքստով դնում է Ադրբեջանի միջոցով, որի պաշտոնյաները հայտարարում են, թե Հայաստանի սահմանադրությունը հավակնություն ունի թե Ադրբեջանի, թե Թոււրքիայի տարածքային ամբողջության հանդեպ: Թուրքիան որեւէ կերպ չի առարկում այդ մտացածին մեղադրանքին: Խորքային առումով, պատճառն ըստ էության դարձյալ այն է, ինչ Ադրբեջանի պարագայում:
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»: Անկարան թերեւս համարում է, որ այդ կարգավորումը իր համար երբեք չի լինի արժեզրկվող «ապրանք», բայց գինը կարող է դեռ բարձրանալ: Առավել եւս, որ այժմ Թուրքիայի համար ինքնին «լիկվիդային» նշանակության ռեսուրս է գործընթացը: Հետեւաբար, Թուրքիան չի դրսեւորելու քաղաքական կամք, ցանկություն:
Հայ-թուրքական հարցը Անկարայի համար մանրադրամ է երրորդ երկրների հետ հարաբերությունների, սակարկությունների տիրույթում: Իսկ այդ երեւույթներն իրենց հերթին պայմանավորված են ավելի գլոբալ պրոցեսներով եւ դրանում Թուրքիայի դերով: Թուրքիան ինքն էլ այդ դերի փնտրտուքի մեջ է: Հայ-թուրքական կարգավորման հարցը Հայաստանի համար է խոշոր ու նշանակալից, իսկ Թուրքիայի համար այդ իմաստով այն շատ փոքր հարց է, առավել եւս այնպիսի խոշոր հանգամանքների համեմատությամբ, որոնք կարող են պայմանավորել Թուրքիայի դերը գլոբալ պրոցեսներում:
Ըստ այդմ, Հայաստանի համար ներկայումս առաջադրանքը հայ-թուրքական կարգավորումը չէ, այն իրատեսական չէ՝ առնվազն Հայաստանի մեկնակետից: Հայաստանի համար առաջադրանքը հայ-թուրքական հարաբերության չկարգավորվածության ռեժիմի առավելագույն արդյունավետությամբ կառավարումն է, բնականաբար ոչ հայկական պետական ինքնության եւ շահերի հաշվին, այլ դրանց անվտանգության համար:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը