22/11/2024

Կյանքից հեռացել է Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի հիմնադիր-տնօրեն Ֆելիքս Բախչինյանը․ Լուսանկար

Կյանքից հեռացել է անվանի գրող, թարգմանիչ, գրականագետ, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր-տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:

Նա ծնվել է 1950 թվականին, սեպտեմբերի 22-ին, Ալավերդիում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։

Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը։

Պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Բախչինյանը մահացել է 74 տարեկան հասակում։

Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով լուրը, գրել է․

Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին, մերձավորներին ․․․
Առաջին անգամ հանդիպեցինք Բաթումիում՝ անցած դարի 90-ականների վերջին, երբ նա Աջարիայի ղեկավար Աբաշիձեի խորհրդականն էր ․․․ Այնուհետև առավել սերտ ընկերություն ենք արել Երևանում, այնժամ, երբ Արմենթելի հեռախոսահամարները ոսկու գին էին ու չէին ճարվում, այսօրվա հեռախոսահամարս էլ նրա նվերն է։ Բազմաթիվ ինքնակենսագրական գրքերի ու հոդվածների հեղինակ, բոցկլտուն ու ոչ իր պատյանի մեջ ներքաշված մտավորական։
Հանգչիր խաղաղությամբ, հոգիդ լույսերի մեջ, հարազատ ընկեր ․․․

Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը