Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ռուսաստանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ երկրների անվտանգության կառույցների բարձր ներկայացուցիչների հանդիպմանը առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ անվտանգության հարթակ՝ «Անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ հանձննաժողով»:
Ըստ էության, Թեհրանը բարձրաձայնում է տնտեսական նշանակությամբ ձեւավորվող հարթակի «անվտանգության զուգահեռի» օրակարգը: Հարց, որի մասին ինքս խոսել եմ դեռեւս մեկ-երկու տարի առաջ, երբ ձեւավորվում էր ԲՐԻԿՍ ընդլայնման միտումը: Ընթերցողի հետ խոսել եմ այն մասին, որ համաշխարհային տնտեսական հարթակները ըստ էության որպես կանոն ուղեկցվում են անվտանգության մեխանիզմներով:
Դա խոշոր հաշվով որոշակի օրինաչափություն է, եթե նույնիսկ տարբեր դեպքերում կարող է այդ օրինաչափությունը ունենալ պայմանականնություններ կամ հարաբերականություն: Եթե տնտեսական կազմավորումները չեն ուղեկցվում զուգահեռ անվտանգային դիսկուրսով եւ մեխանիզմների մշակումով, ապա այդ պարագայում դրանք պարզապես ժամանակի ընթացքում տարալուծվելու են այլ պրոցեսներում:
ԲՐԻԿՍ պարագայում սակայն գոնե առայժմ միտումները ոչ թե տարալուծման, այլ կազմի եւ օրակարգի ընդլայնման տրամաբանության մեջ են եւ ըստ էության այդ ֆոնին հնչում է անվտանգային օրակարգի առաջին ազդակը՝ Թեհրանի ԱԱԽ քարտուղարի շուրթերով: Իհարկե ասել, որ այդ առաջարկը արժանանալու է միարժեք գնահատականի եւ հավանության, կլինի միամտություն:
Ավելին, ոչ միայն փաստ չէ, որ ԲՐԻԿՍ անդամ երկրները ունեն ընդհանուր պատկերացում անգամ անվտանգության փիլիսոփայական, կոնցեպտռուալ մակարդակում, այլ նրանցից շատերի պատկերացումները ունեն էական տարբերություններ, եւ որոշ պարագաներում անգամ մրցակցային տարբերություններ: Մեծ հաշվով, անվտանգության տիրույթում ԲՐԻԿՍ ընդհանրությունը թերեւս գերազանցապես սահմանափակվում է բազմաբեվեռ աշխարհակարգի, հետեւաբար անվտանգության բազմաբեվեռ կարգի տրամաբանության համադրելիությամբ:
Սակայն, տվյալ պարագայում էականն այն է, որ Թեհրանը փաստորեն բացում է խոսակցությունը: Պետք է հասկանալ, արդյո՞ք համաձայնեցված՝ բոլոր անդամների, կամ անդամներից մի մասի հետ: Համենայն դեպս, իրանցի պաշտոնյան Ռուսաստանում բացի Շոյգուից ու Պուտինից, հանդիպել է նաեւ ԲՐԻԿՍ հավաքին մասնակցող Չինաստանի արտգործնախարարի հետ:
Ըստ էության, Իրանի առաջարկը հենց այն մասին է, որ անվտանգության բաղադրիչը դառնա ԲՐԻԿՍ օրակարգում այսպես ասած ինստիտուցիոնալացված հարց, այսինքն ձեւավորվի կառույց, մեխանիզմ, որտեղ այդ հարցը կլինի մշտական ռեժիմում:
Ինչպես նաև կանխատեսել էինք, ԲՐԻԿՍ-ի երկրների անվտանգության պատասխանատուների Պետերբուրգյան հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Պուտինի մասնակցությունը վկայում է, որ նա այնտեղ շատ կարևոր անելիքներ ունի:
ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Պուտինը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով Հնդկաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Դովալի հետ:
Հանդիպման բաց մասում վերջինս ասել է, որ վարչապետ Մոդին ցանկացել է, որ ինքը մեկնի Սանկտ-Պետերբուրգ և Ռուսաստանի նախագահին անձամբ պատմի Հնդկաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի բանակցությունների մասին:
«Դա փակ ձևաչափ էր, ես վարչապետի հետ էի»,— ասել է Դովալը և խոստացել, որ Ռուսաստանի նախագահին կտեղեկացնի բանակցությունների բոլոր մանրամասներին:
Միայն այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը Հնդկաստանի վարչապետի հատուկ բանագնացին ոչ թե Կրեմլում կամ մերձմոսկովյան նստավայրում է ընդունել, այլ նրա հետ հանդիպելու համար ինքն է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, վկայում է, թե Վլադիմիր Պուտինը որքան մեծ կարևորություն է տալիս Մոդի-Զելենսկի բանակցություններին:
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Զելենսկու հետ օգոստոսի 23-ին բանակցություններից երկու օր անց Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Եվ եթե գրեթե մեկ ամիս անց անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նրա հատուկ բանագնացը Վլադիմիր Պուտինին մանրամասնություններ ներկայացնի, ապա կարելի է ենթադրել, որ Պուտին-Մոդի հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի հարցում Մոսկվան «դիրքորոշում ճշտելու» կարիք ունի:
Ինչի՞ մասին է խոսքը, որևիցե կոնկրետ կանխատեսում անելը բարդ է: Ուշադրության է արժանի, որ Շվեյցարիայի դաշնային կանցլերի գրասենյակը նախօրեին հայտնել է ուկրաինական կարգավորման երկրորդ «Խաղաղության խորհրդաժողովին» Ռուսաստանի մասնակցության հարցով Կիևի հետ քննարկումների մասին: Նման միջոցառմանը Ռուսաստանին ներգրավելու օգտին նաև Հնդկաստանի վարչապետն է խոսել:
Ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը վկայում է, որ զենքի ուժով Կիևին capitul֊յացիա պարտադրելու Կրեմլի նախագիծը մեծ հարցականի տակ է: Տպավորություն է, որ Հնդկաստանը մի ինչ-որ «միջակայքային» տարբերակ է առաջարկում: Եվ վարչապետի հատուկ բանագնացն այն ներկայացնելու է Ռուսաստանի նախագահին: Ըստ երևույթին, Պուտինի պատասխանից է կախված՝ Հնդկաստանի վարչապետը կմասնակցի՞ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, թե՞ ոչ:

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Տասնյակ հազարավոր խորվաթներ բողոքի ցույց են անցկացնում վտանգավոր թափոնների աղբավայրի դեմ. Լուսանկար