ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության մամուլի եւ հանրային կապերի բյուրոյի հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Վրաստանում «կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ եւ բռնությամբ տիրանալ իշխանությանը», ՌԴ ԱՀԾ գնահատմամբ, կարեւորագույն դեր է վերապահված ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին:
ՌԴ ԱՀԾ-ն Վրաստանում «բողոքի զանգվածային ակցիաների միջոցով իշխանազավթման» վաշինգտոնյան մտադրության մասին երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է տարածում:
Ըստ երեւույթին, առաջին «ահազանգը լավ չի տեղ հասել»: Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցով ԱՄՆ կազմակերպված հանդիպմանը:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հավելյալ ինտրիգ է հաղորդել երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ մտնելու մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը: Վրաստանը, թեև խորհրդարանական կառավարման երկիր է, բայց նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ:
Զուրաբիշվիլին միանշանակորեն աջակցում է ընդդիմությանը, ընտրապայքարին նրա մասնակցությունը կարող է միավորող նշանակություն ունենալ: Փորձագետ Պաատա Զաքարեշվիլիի կարծիքով՝ ընդդիմությունը նույնիսկ կարող է առանձին թևերով մտնել խորհրդարան և այնտեղ կոալիցիա կազմել:
Ռուսաստանի ԱՀԾ հայտարարությունը չափազանց ուշագրավ է Աբխազիայում և նրա շուրջ իրավիճակի սրման համատեքստում, մանավանդ որ նախաձեռնությունը Մոսկվայից է: Հայտնի է դարձել, որ Աբխազիայի բյուջեին տրամադրվող գումարները գրեթե կրկնակի կրճատելուց զատ, Ռուսաստանը Կրասնոդարի երկրամասում խստացրել է աբխազական կողմի հետ առևտրային կապերի ռեժիմը:
Մանրամասնություններ հայտնի չեն, բայց ռուսաստանյան մամուլի հրապարակումներից դատելով՝ խոսքը գյուղմթերքների արտահանման մաքսատուրքեր սահմանելու մասին է: Ավելի քան երեսուն տարի Աբխազիան Ռուսաստանի հետ ազատ և անմաքս առևտրային հարաբերություններ է ունեցել:
Այդ սահմանափակումներն աբխազական ընդդիմության կողմից բնորոշվել են «Աբխազիան ուծացման ենթարկելու, ապաաբխազականացման քաղաքականության բացահայտում»: Իրավիճակին տեղյակ աղբյուրներն ասում են, որ Աբխազիայի բնակչության հայ, ռուս և հույն հատվածները «բոլորովին էլ անհանգստացած չեն, նրանց համար միևնույն է, թե ինչ կարգավիճակ կունենա Աբխազիան»: Եթե դա իրականություն է, ապա Աբխազիայում հնարավոր է ազգամիջյան հակասություններ սրվեն: Այդ դեպքում Ռուսաստանի «խաղաղապահ ուժեր» կմտցնի:
Ամեն դեպքում կայուն տպավորություն է, որ Ռուսաստանը կարող է Վաշինգտոնի «մեքենայությունները կանխելու» պատրվակով Վրաստանում «կանխարգելիչ քայլերի» դիմել:
Տարածաշրջանի հարավում Պուտինի Բաքու այցից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է՝ կապված Ադրբեջանի դիրքորոշման ռադիկալացման հետ: Եթե հյուսիսում «վրացական ճակատ բացվի»—իսկ նախանշաններ կան, ապա Հայաստանը կհայտնվի ռազմա-քաղաքական «աքցանում»:
Բաց մի թողեք
Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են
Ալիևը կունենա արևմտյան Ադրբեջան, քանի դեռ չի «բռնվել կառավարության վախը»