13/10/2024

«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը, Ռուսաստանն էլ կարող է հենց հիմա դադարեցնել». Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Պուտինին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը առ այն, որ Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կդառնա հակամարտությանը ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն։

«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը։ Ռուսաստանը ապօրինի ներխուժել է Ուկրաինայի տարածք: Ռուսաստանը կարող է դադարեցնել այս հակամարտությունը հենց հիմա։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք ակնհայտորեն լիովին պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը. մենք ուսուցումների հնարավորություններ ենք տալիս»,- Սթարմերի խոսքերն է մեջբերել Sky News-ը:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Լոնդոնը «չի ձգտում հակամարտության Ռուսաստանի հետ»։

«Դա ոչ մի դեպքում մեր մտադրությունը չէ»,- ավելացրել է նա:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ստացել է փաստագրական նյութեր, որոնք հաստատում են՝ Միացյալ Թագավորությունը համակարգում է «միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի էսկալացիան»։

Այդ հիմնավորմամբ հավատարմագրերից զրկվել և երկրից արտաքսվել են բրիտանական դեսպանատան վեց աշխատակիցներ, որոնք Ռուսաստանում էին գտնվում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գծով։ Նրանց գործողություններում բացահայտվել են «հետախուզական և վնասակար աշխատանքի անցկացման նշաններ», պնդում է հատուկ ծառայությունը։

«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել է արտաքսված դիվանագետների անունները:

ԱԴԾ-ի աշխատակիցը հեռուստաալիքի եթերում ասել է, որ դիվանագետները հանդիպումներ են ունեցել «Նովայա գազետա»-ի լրագրողների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ:

«Դասական բրիտանական լրտեսություն, դիտելը զվարճալի է, բայց այլևս անհնար է»,- նշել է ԱԴԾ աշխատակիցը: