Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հայտարարել է, որ, եթե աարեւմտյան երկրները Ուկրաինային թույլ տան իրենց մատակարարած հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորք, ապա դա կլինի արդեն ոչ թե Ուկրաինային որեւէ բան թույլ տալ-չտալու հարց, այլ կոնֆլիկտի բնույթի փոփոխության:
Ըստ Պուտինի, Ուկրաինան չի կարող ինքնուրույն սահմանել թիրախներ եւ տալ այդ հրթիռների առաջադրանք, դա կարող է անել միայն ՆԱՏՕ-ն, իր հետախուզական, արբանյակային եւ անձնակազմերի միջոցներով:
Պուտինը հայտարարել է, որ դա կգնահատեն որպես ՆԱՏՕ ուղիղ ներգրավում, ըստ այդմ կկայացնեն դրանից բխող համապատասխան որոշումներ: Թեման բավականին սրվել է վերջին երկու-երեք օրերին: Բրիտանական Գարդիանը գրել է, որ Բրիտանիան թույլ է տվել Կիեւին իր մատակարարած հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքի օբյեկտների:
Սրա պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենն էլ, որ նախորդ օրը իր բրիտանացի գործընկերոջ հետ այցելել էր Կիեւ, հայտարարել է, որ հարցը քննարկվում է, պարզապես ձեռնպահ է մնացել օպերատիվ դետալներ ներկայացնելուց:
Սեպտեմբերի 13-ին սպասվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, որի ընթացքում, ըստ տեղեկության, Զելենսկին Վաշինգտոնին կներկայացնի այն թիրախների ցանկը, որոնք խոցելու թույլտվություն է ակնկալում Վաշինգտոնից ու Լոնդոնից:
ԱՄՆ ակնկալում է, որ Զելենսկին ներկայացնելու է ոչ միայն ցանկը, այլ նաեւ ըստ էության գործողությունների, նպատակների որոշակի պլան: Պուտինը փաստացի հայտարարում է, ընդ որում հենց իր դեմքով, այլ ոչ թե խոսնակի կամ այլ պաշտոնյայի, որ այդպիսի որոշումը կգնահատեն ՆԱՏՕ միջամտություն եւ կգործեն ըստ այդմ:
Դա նշանակում է, որ Ռուսաստանն առնվազն այդ հայտարարությամբ ակնարկում է ՆԱՏՕ անդամ երկրներին թիրախավորելու իրավունք: Սա բլե՞ֆ է, որով Պուտինը փորձում է կանգնեցնել Վաշինգտոնին, թե՞ հակառակը՝ այդպիսի հայտարարությամբ ստեղծում է իրավիճակ, երբ Վաշինգտոնը Կիեւին թույլտվություն չտալու պարագայում կհայտնվի այսպես ասած Պուտինին զիջողի դերում:
Եթե իրադարձությունները զարգանան այսպես ասած թույլտվության ճանապարհով, ապա դա կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կբարձրանա ոչ միայն եւս մեկ, այլ ըստ էության լարվածության մի քանի աստիճանով: Ամբողջ հարցն իհարկե այն է, թե այդ հանգամանքը որքանով է մնալու կառավարելիության տիրույթում:
Այստեղ է առանցքային «ինտրիգը»՝ լարվածության աճին զուգահեռ ինչպիսի ընթացք ունի կառավարելիության «կորը»: Այդ կորը անցնում է ոչ միայն Ուկրաինայով, այլ նաեւ Կովկասով, հետեւաբար հարցն անմիջական արդիականություն ու հրատապություն ունի Հայաստանի համար:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը