Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրը Բաքվում է: Trend-ը հայտնում է, որ նա դասախոսություն է կարդացել ADA համալսարանում: Բրիտանական գաղտնի հետախուզության ղեկավարն, իհարկե, դասախոսություն կարդալու համար չի այցելել Ադրբեջան:
Իսկ թե ինչո՞ւ է նա Բաքու մեկնել, կարելի է միայն ենթադրություն անել: Մեկնելու նրա որոշումը, գուցե, կապված է այն բանի հետ, որ Մուրը Բաքու է ուղևորվել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի բանակցություններից հետո:
Վաշինգտոնյան հանդիպման մասին հայտնի է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առայժմ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքային տարածքն ամերիկյան և բրիտանա-ֆրանսիական հեռահար հրթիռներով խոցելու համաձայնություն չեն տվել: Ռիչարդ Մուրի Բաքվում գտնվելու հետ կապված ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանում էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա Փրայորը:
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ի՞նչ են կորցրել Բաքվում: Ուշադրության է արժանի, որ իսրայելա-իրանական լարվածության հետ կապված ԱՄՆ-ը հանդես է եկել Իրանի կողմից այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում իր ընկերությունների դեմ կիբերհարձակումների վտանգի մասին հայտարարությամբ: Այս առումով, թերևս, անհանգստություն պետք է ունենա նաև կամ առաջին հերթին Մեծ Բրիտանիան, որը Ադրբեջանի տարածքում, երևի, ամենամեծ ներկայություն ունեցող արևմտյան տերությունն է:
«Տպավորություն է, որ Ռիչարդ Մուրի դասախոսության համար ADA համալսարանի ընտրությունը պատահական չէ: Այդ բուհը կազմավորվել է 2007 թվականին՝ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի և այլ հաստատությունների միավորման արդյունքում:»
Համալսարանի ռեկտորը Մեհրիբան Ալիևայի հորեղբայր Հաֆիզ Փաշաեւն է: Վերջինս բուն մասնագիտությամբ միջուկային ֆիզիկոս է, ավարտել է Բաքվի համալսարանը և Կուրչատովի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ նաև նախ թեկնածուական, ապա դոկտորական դիսերտացիա է պաշտպանել:
Հաֆիզ Փաշաեւը Հեյդար Ալիևի կողմից նշանակվել է Միացյալ Նահանգներում դեսպան, ապա նույն կարգավիճակով ծառայել Կանադայում և Մեքսիկայում, այնուհետև նշանակվել արտաքին գործերի փոխ նախարար: Ըստ պաշտոնական տեղեկությունների, ADA համալսարանը ունի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Բուհի ուսանողների տասը տոկոսը տարբեր երկրներից է, այդ թվում՝ Պակիստանից և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններից: Բուհի ուսումնական մասնաշենքերը և հանրակացարանները կառուցվել են վերջերս և գտնվում են Բաքվից դուրս:
Անհավանական չէ, որ ADA-ն նաև հետախուզական պատրաստության բաժին ունի առնվազն կիբերանվտանգության գծով, և Ռիչարդ Մուրն այնտեղ տեսչական ստուգում է անցկացրել:
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության տնօրենի Բաքու այցը հետաքրքիր է մեկ այլ իրադարձության համատեքստում. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Կասպից ծովում Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների դեմ: Արդյոք Ադրբեջանը մասնակցություն ունի՞ այդ բեռնափոխադրումներում?
Մամուլում ակնարկներ են եղել, որ ամերիկյան կողմը Ադրբեջանից Ռուսաստան-Իրան նավագնացության մասին հետախուզական տվյալներ ստանալու խնդիր է առաջադրել: Գուցե Ռիչարդ Մուրը հենց այդ նպատակով է այցելել Բաքու:
Բաց մի թողեք
Ռուս – ադրբեջանական հարաբերություններում խզում կառաջանա, թե՝ թատրոն է
Բաքուն ու Աստանան կարող են «տանդեմ» կազմել ընդդեմ Մոսկվայի
Ադրբեջանաիսրայելական հետևություններ կլինեն արդյոք Ռուսաստանի հետ հարաբերություններում