05/10/2024

Ալիևը կրկին բողոքել է Հայաստանից. մանրամասներ՝ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցից

Տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ ՀՀ-ն վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Պայմանագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանն իր Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով վերջ դնի Ադրբեջանի դեմ տարածքային հավակնություններին, ինչպես նաև դադարեցվի անցյալի մասունք հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը» ,-ասել է Ալիևը:

Իլհամ Ալիևը նշել է երկկողմ գործընթացի շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքները և ասել, որ այդ գործընթացն իրականացվելու է Կանոնակարգի հիման վրա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Բլինքենը մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ:

ԱՄՆ պետքարտուղարն Ալիեւի հետ զրույցում կարեւոր է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ուղղությամբ քայլերը, ողջունելով նաեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերում առաջընթացը՝ օգոստոսի 30-ի կանոնակարգի ստորագրումը: Բլինքենի հետ զրույցի մանրամասներ տարածել է ադրբեջանական կողմը, մասնավորապես նշելով, որ Իլհամ Ալիեւը դարձյալ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա հետ կապված կառույցների լուծարման մասին:

Ըստ էության, ԱՄՆ նախագահ Բլինքենի մոտեցումներին՝ խաղաղ գործընթացի, նաեւ դրան աջակցելու պատրաստակամության հավաստիացումներին, Ալիեւը պատասխանել է ավանդական պայմաններով: Եվ այդտեղ հետաքրքիր է այն, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը:

Նա Ադրբեջանի այդ պայմանները համարում է հիմնավոր եւ այսպես ասած օրինաչա՞փ, իրավաչա՞փ՝ միջազգային իրավունքի ու քաղաքականության տրամաբանության տեսանկյունից, թե՞ չի համարում այդպես եւ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն օրինակ նշանակելու է Ադրբեջանի մինչ այժմ իրականացրած բոլոր գործողությունների լեգիտիմացում եւ «ամփոփում»:

Մինչ այժմ ԱՄՆ արձագանքել է այդ թեմային ավելի ցածր ռանգի դիվաննագետների արտահայտություններով, նշելով, որ Մինսկի խմբի ճակատագրի հարցում Ադրբեջանի մոտեցումը Երեւանի եւ Բաքվի որոշելիքն է: Մի կողմից ստացվում է, որ Երեւանին տրվում է չհամաձայնելու, հետեւաբար Ադրբեջանի գործողությունները ամբողջապես չլեգիտիմացնելու «քարտ-բլանշ», մյուս կողմից Ադրբեջանի պայմանները Երեւանին «հասցեագրելով»՝ Բաքվին է տրվում դրանք որպես շանտաժ բանեցնելու «քարտ-բլանշ»:

Այդ ամենով հանդերձ, ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հեռախոսազրույցները՝ նախ Երեւանի, հետո Բաքվի հետ, անշուշտ վկայում են, որ Վաշինգտոնը շարունակում է էական հետաքրքրվածություն ցուցաբերել առկա իրավիճակով, չնայած ԱՄՆ նախընտրական շրջանի եւ այդ շրջանում ներքին բավականին բարդ իրավիճակի հանգամանքին:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես ասած խաղաղության գործընթացի որեւէ առաջխաղացում ԱՄՆ վարչակազմը կարող է նաեւ ենթարկել հենց նախընտրական կապիտալիզացիայի, որտեղ իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած կաթիլ կարող է ստանալ նժար փոխելու կարեւորություն: