05/10/2024

Այդ ինչ տրամաչափի խնդիրներն կան, որ բարձրաստիճան հետախույզներին «հասցրել» են Բաքու

ԱՄՆ ու Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը եւ Իրանը կարող են գործարք իրականացնել միջուկային զենքի ստեղման առումով:

Ըստ հեղինակավոր պարբերականի, Լոնդոնն ու Վաշինգտոնը ունեն մտահոգություն, որ Ռուսաստանը Իրանին կրող է փոխանցել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիական տեղեկատվություն, ինչի դիմաց Իրանը Ռուսաստանին է տրամադրում բալիստիկ հրթիռներ:

Բլումբերգի այդ տեղեկատվությունն առավել ուշագրավ է դարձնում այն հանգամանքը, որ վերջին տասնօրյակում թե Վաշինգտոնը, թե Լոնդոնը Բաքու են գործուղել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Օրեր առաջ Բաքվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության՝ եվրոպական ծառայության տնօրենը, իսկ նախօրեին Բաքվում էր Բրիտանիայի հետախուզական ծառայության հայտնի ղեկավար Ռիչարդ Մուրը:

Երկու բարձրաստիճան հետախույզների այցը Բաքու անկասկած պարզապես հերթապահ աշխատանքային գործողություն չէ: Այդպիսի տրամաչափի եւ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները այդօրինակ այցեր իրականացնում են շատ կոնկրետ նպատակային խնդիրների համատեքստում:

Իհարկե միարժեք եզրակացնել, որ Բաքու կատարած նրանց այցերը պայմանավորված են եղել հենց այն մտահոգությամբ, ինչի մասին հայտնում է Բլումբերգը, կլինի թերեւս սխալ, սակայն կասկածից վեր է, որ լայն իմաստով հենց այդ տրամաչափի խնդիրներն են բարձրաստիճան այդ հետախույզներին «հասցրել» Բաքու:

Միաժամանակ իհարկե բարդ է միարժեք ասելը, թե մասնավորապես նրամցից ով ինչ հարցեր է քննարկել Բաքվի հետ, ինչ շեշտադրումներով եւ համատեքստով, սակայն կասկածից վեր է այն, որ մերձավորարերեւլյան մեծ արեալով ընթանում են բավականին ակտիվ շարժեր, որոնք խոսում են հենց այն մասին, որ հասունանում է որեւէ նոր իրադարձություն, ինչի մասշտաբն ու տրամաբանությունը թերեւս կախված է լինելու այն ակտիվ դիվանագիտական պտույտներից, որ արձանագրվում են մեծ ռեգիոնում:

Նախօրեին էլ այդ շրջանակում Դամասկոս է ժամանել մի քանի շաբաթ առաջ Իրան մեկնած Սերգեյ Շոյգուն, որը Սիրիայում հանդիպել եւ ռեգիոնալ ու միջազգային անվտանգության հարցեր է քննարկել Բաշար Ասադի հետ: