05/10/2024

Արցախից դիերի տեղափոխման հարցում ադրբեջանական կողմը դեմ չի եղել․ ՀՀ կառավարությունն է հրաժարվել․ MediaHub

Արցախի կորստի մեկ տարին է։ Նախորդ տարվա սեպտեմբերյան դեպքերը, որ Բաքուն հակաահաբեկչական գործողություն է անվանել՝ արցախահայության դեմ իրականացրած ոճրագործությունը քողարկելու համար, գաղթական են դարձրել ավելի քան հարյուր հազար խաղաղ բնակիչների։ 

MediaHub-ը գրել է․ Մի մասը՝ Հայաստան, մի մասը՝ այլ երկիր․ տեղահանվելուց հետո սոցիալական խնդիրներին զուգահեռ նրանց հիմնական խնդիրը մնաց սեպտեմբերի 20-ից 23-ը Ստեփանակերտում և շրջաններում հուղարկավորված շիրիմների տեղափոխությունը։

«Ընդհանուր առմամբ 54 թարմ շիրիմ է մնացել։ Խնդիրը բոլոր շիրիմներն են, բոլորս ունենք մեր հարազատը, բոլորիս սիրտը ցավում է, բայց խոստովանենք, որ ամենադաժանը հատկապես վերջին պատերազմում զոհված հերոսների և քաղաքացիական անձանց շիրիմներն են, որ մնացին։ Դեպքեր կան, որ հարազատները գիշերն են հուղարկավորել, առավոտյան գաղթել, չեն հասցրել նույնիսկ այցելել, ծաղիկ խոնարհել, փոքր ինչ հանգստանալ»,- ասում է MediaHub-ի զրուցակիցը, ով վերջիններից մեկն է եղել, որ լքել է Արցախը։

«Մինչև հոկտեմբերի 1-ը մնացել եմ, որ կարողանամ եղբորս մարմինն արտաշիրմել։ Դեռ Արցախում էինք, որ այս հարցն այնտեղ բարձրացրեցին։ Ու քանի որ հնարավոր էր ադրբեջանցիների հետ առերեսվել, իմ ունեցած տվյալներով՝ նրանք համաձայնություն են տվել։ Բայց, նորից եմ կրկնում, միայն այն դիերը, որոնք հուղարկավորվել են սեպտեմբերին, որոնց վրա տապանաքար չկա»,- ասում է նա։

Հայաստան տեղափոխվելուց հետո հարազատները բազմիցս դիմել են Արցախի և Հայաստանի իշխանություններին։

«Բանակցությունները, կարծես, հաջողվել էր, ամենակարևորը՝ ադրբեջանական կողմը դեմ չի եղել։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, երբ բանը հասել է նրան, որ Հայաստանի կառավարությունը պետք է գործուն քայլ կատարի, ամեն ինչ ձախողել է, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են»,- ասաց նա։

Շարունակությունը՝ MediaHub-ում