05/10/2024

Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում

2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը:

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում:

Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը: Այն կրկին կքննվի Հակակոռուպցիոն դատարանում: