Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։
Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։
Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։
Մարդուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։
Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։
Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։
Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի, և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։
Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։
«Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։ Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։
Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։
Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։
Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից, ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։
Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։
Դրանից խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։
Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն.
a. Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։
b. Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։
c. Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։
Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին