22/11/2024

Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը դադարեցրել է երկուսի անդամակցությունը․ Ինչու ․․․

Սերգեյ Ումրոյանը սեպտեմբերի 3-ին Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից տեղեկացել է, որ դադարեցրել են իր անդամակցությունը միությանը, եւ հայտարարության տեքստում առկա չէ ոչ մի բացատրություն հեռացման պատճառների մասին:

Մասնավորապես այնտեղ նշված է, որ հիմք ընդունելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստի քննարկմամբ և վարչության ներկա անդամների ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ ընդունված որոշումը՝ Սերգեյ Ումրոյանի ՀԿՄ անդամակցությունը դադարեցված է: Լրատվամիջոցներին ուղարկված նամակում նշված է, որ Ումրոյանը Կոմպոզիտորների միությունից պահանջում է պատճառաբանված հիմնավորում եւ արդեն իսկ կազմված ու հաստատված արձանագրության հրապարակում. «Համացանցից հեռացմանս մասին տեղեկանալուց հետո՝ սեպտեմբերի 16-ին հարկ եմ համարել անձամբ գնալ և ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանից տեղեկանալ կատարվածի մասին: Պարոն Սաթյանը հաստատել է հեռացմանս լուրը, որից հետո պահանջել եմ ներկայացնել հեռացմանս մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչին ի պատասխան Սաթյանն ասել է, որ այս պահին չկա, բայց ինքը, ինչ-որ թուղթ ստորագրել է: Բարձր գնահատելով ՀԿՄ գործունեության կարևորությունը մեր երաժշտական կյանքում՝ չեմ կարող անտարբեր լինել և չբարձրաձայնել մեր ստեղծագործական կառույցում տիրող ամենաթողության և կառույցի հեղինակությունը վարկաբեկող աշխատելաոճի մասին, որը բազմիցս բարձրաձայնել եմ նաև կառույցի ներսում վարչության նիստերի և ժողովների ժամանակ»:

Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից հետաքրքրվեց, թե որն է Ումրոյանի անդամակցությունը դադարեցնելու պատճառը: Պարոն Սաթյանն ասաց, որ հարմար առիթով հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ:

Հավելենք նաեւ, որ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստում վարչությունը միաձայն հաստատել էր շաբաթներ առաջ ՀԿՄ պաշտոնական էլ. հասցեին ուղարկված կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի դիմումը՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ