22/11/2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի`Ազգային ժողովի բյուրոն սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգի վերաբերյալ բանաձևի նախագծին:

Այս մասին հաղորդել է Le Parisien պարբերականը:

Նշվում է, որ դա «դժվար» որոշումների երկար շարքի միայն առաջին քայլն է։

Հաջորդ փուլը կլինի նախագծի քննարկումը Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում։ Սակայն ձախերը մեծամասնություն չունեն դրանում: Եթե փաստաթուղթն, այնուամենայնիվ, հավանության արժանանա հանձնաժողովի կողմից, ապա բանաձևի նախագիծը պետք է տասներեք օրից ոչ ուշ ժամկետում ներառվի պալատի նիստերի օրակարգում։

«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունն է Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկել այն բանից հետո, երբ վերջինս երկրի վարչապետի պաշտոնում նշանակել էր ոչ թե խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին, այլ աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետ էր նշանակել աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բարնիեին։