21/11/2024

Ալիևը խելոք համաձայնել է Բլինքենի բոլոր հրահանգներին, Պուտինին մերժե՞լ է դրանով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ փորձոււմ է օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ հանդիպում կազմակերպելու յուրաքանչյուր առիթ, միաժամանակ չհստակեցնելով, թե արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցները միտված էին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում Փաշինյան-Ալիեւը կամ Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելուն:

Սա թերեւս նշանակում է, որ, եթե անգամ Էնթոնի Բլինքենը փորձել է շոշափել այդպիսի գաղափար, չի ստացել դրա բբավարար վստահելի հավանություն, առնվազն կողմերից մեկում:

Դատելով Բլինքենի հետ Ալիեւի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվությունից, Ադրբեջանը թերեւս հենց այդ կողմն է: Համենայն դեպս ակնառու էին պայմանները, որ Ալիեւը առաջ էր քաշել Բլինքենի հետ հեռախոսազրույցում, որպես խաղաղության պայմանագրի առաջընթացի նախադրյալ: Իհարկե միարժեք ասել, որ դրանք վերաբերել են հանդիպում կազմակերպելուն, հնարավոր չէ: Նաեւ միարժեք հնարավոր չէ եզրակացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է հանդիպման առաջարկ կամ գաղափար:

Ավելի հավանական է, որ Էնթոնի Բլինքենը փորձել է շոշափել տրամադրությունները, հասկանալու համար, թե արդյո՞ք իմաստ ունի այդպիսի առաջարկ ներկայացնելը կամ ջանք գործադրելը: Ամերիկյան հարթակում կողմերը վերջին անգամ հանդիպել են ընթացիկ տարվա հուլիսին, երբ ՆԱՏՕ գագաթնաժողովվի առիթով Վաշինգտոն էին հրավիրվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, այնտեղ հանդիպելով պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ:

Դրանից հետո սակայն տեղի ունեցավ հուլիսյան հայտնի դրվագը Բրիտանիայում, երբ հուլիսի 16-ին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնք միջոցառման շրջանակում եղավ Փաշինյան-Ալիեւ հանդիպման «չկայանալու» պատմությունը: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Բրիտանիայի վարչապետ Ստարմերը արել է իր հովանու ներքո եռակողմ, հետո երկկողմ հանդիպման առաջարկ, սակայն Երեւանը մերժել է այն: Հաջորդեց արձագանք Երեւանից, որ չի եղել մերժում, այլ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, որ հանդիպում լինի Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում, սակայն դա մերժել է Բաքուն:

Լոնդոնում դա տեղի է ունենում Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից մեկ շաբաթ անց, ինչը ըստ էության նշանակում էր, որ՝ կամ Վաշինգտոնում հանդիպումը եղել է բացարձակապես աննարդյունավետ, կամ Լոնդոնում տեղի է ունեցել մի քայլ, մի գործողություն, որը ըստ էության եղել է վաշինգտոնյան հանդիպման դեմ, այլ ոչ թե կառուցողականությանը նոր լիցք հաղորդելու օգտին:

Ինչի՞ համար էր Բրիտանիայի վարչապետ Ստարմերը արել հանդիպման նախաձեռնություն, առանց դրա բավարար նախապատրաստության, կամ առանց կողմերի միջեւ համաձայնություն ստանալու: Դա եղել է 14 տարի իշխանությունից հեռու մնացած լեյբորիստների անփորձությա՞ն հետեւանք, թե՞ քաղաքական մեծ փորձ պետք էլ չէր հասկանալու համար, որ հայ-ադրբեջանական խնդիրը չափազանց զգայուն է՝ ոտքի վրա հանդիպումներ կազմակերպելու ակնկալիքի համար:

Սա էական դետալ է, թեեւ կարող է թվալ կազմակերպա-տեխնիկական ինչ որ խնդիր: Առավել եւս էական է այն պարագայում, երբ ամերիկացի բարձրաստիճան հետախույզի Բաքու այցից մեկ շաբաթ անց Ադրբեջան է այցելում Բրիտանիայի հետախուզության ղեկավարը:

Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի մասին պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ պետքարտուղարը «ողջունել է կողմերի (Հայաստանի եւ Ադրբեջանի) միջեւ վերջին առաջընթացը՝ ներառյալ սահմանների դեմարկացիայի մասին համաձայնագիրը»:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաեւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, ընդգծել Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի հաջողությանը Վաշինգտոնի հավատարմությունը՝ ասել է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Նրա ձեւակերպմամբ՝ «քարտուղար Բլինքենը եւ նախագահ Ալիեւը քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցությունը՝ ներառյալ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բնագավառում միջազգային պարտավորությունների հարգման կարեւորությունը»:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը բավական ծավալուն հաղորդագրություն է տարածել, որտեղ, բնականաբար, երկխոսության «թելադրող դերակատար» ներկայացված է Իլհամ Ալիեւը, որ խաղաղության պայմանագրի կնքումը վերստին պայմանավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի «նկատմամբ տարածքային պահանջներին վերջ տալու անհրաժեշտությամբ»:

Բլանքվի պաշտոնական հաղորդագրությունն, այդուհանդերձ, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասով ամփոփված է այսպես. «Անդրադառնալով սահմանների դելիմիտացիային, նախագահ Ալիեւը նշել է երկկողմ ձեւաչափում ձեռք բերված դրական արդյունքները եւ ասել, որ այն կիրականացվի Կանոնադրության հիման վրա»:

Սա, ըստ էության, Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի՝ «չոր արդյունքն է»: Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը վավերացում կստանա այն տեսքով, որը օգոստոսի 30-ին վարչապետի մակարդակով ստորագրվել է:

Դիտարժան է, որ սահմանազատման իրավական հիմքի՝ Ալմա-Աթայի Հռչակագրի, մասին Վրաստանի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետը Ադրբեջանի կողմից առ այս պահը որեւէ վերապահմամբ չի հակադարձվել:

Հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքարը սահմանազատման իրավական հիմքի համաձայնեցումն է: Եվ եթե այդ հարցում Բաքուն ստորագրված Կանոնադրությանը հավատարիմ մնա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության «խոչընդոտների» մասին Իլհամ Ալիեւի «մանտրան» այլեւս էական չի լինի:

Հարկավ, չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանի նախագահն «ազնիվ կոմերիտականի ճշտապահությամբ» հավատարիմ կլինի ԱՄՆ պետքարտուղարին տրված խոստմանը: Իրավիճակ կարող է փոխվել ամեն պահի՝ կախված միջազգային եւ Հարավային Կովկասին սահմանակից տարածաշրջաններում զարգացումներից:

Բայց տվյալ պահին ունենք այն, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը Երեւանում եւ Բաքվում վավերացում անցնելու, երկու երկրների իրավական համակարգի մաս դառնալու եւ այդ հիմքով սահմանազատման հետ կապված մյուս հարցերի քննարկում սկսելու հնարավորություն կա: