21/12/2024

Դեսպան Կոպիրկինը ԱԽ քարտուղար Շոյգուի հետքերով՝ ինչ է փորփրում ՌԴ Իրանում ու սահմանին

ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի Թեհրան այցի շուրջ հետաքրքրությունը ստվերի տակ թողեց նրա մերձավորարեւելայն ուղեւորության առաջին մասը: Մինչ այդ նա Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ասադի հետ:

Սիրիայի առումով առաջնահերթ մեկ հարց կա՝ Էրդողան-Ասադ հանդիպման կազմակերպումը: Թուրքական աղբյուրները մեղադրում են Իրանին, որ «խոչընդոտում է Անկարա-Դամասկոս հաշտությանը»: Տեսակետ է շրջանառվել, որ «Մոսկվան եւ Թեհրանը Սիրիայում դաշնակիցներից վերածվել են անհաշտ մրցակիցների»:

Կարելի է ենթադրել, որ Շոյգուի Թեհրան այցի բուն նպատակն Իրանի «հարուցած այդ խոչընդոտների» քննարկումն է: Այդ առթիվ ռուսաստանյան աղբյուրների լռությունը, կարծես, վկայում է, որ Շոյգուն «տապալել է» առաքելությունը:

Նրա այցին ընդառաջ Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա: Նա Թուրքիան անվանել է «եղբայր»: Առաջիկա կիրակի Իրանի նախագահը մեկնում է Նյու-Յորք, որտեղ սեպտեմբերի 23-ին Էրդողանի մասնակցությամբ կգումարվի ԱՄՆ-Թուրքիա տնտեսական համաժողով:

Անհավանական չէ, որ Նյու-Յորքում կազմակերպվի Թուրքիայի եւ Իրանի նախագահների «ճանաչողական հանդիպում»: Irna-ի տեղեկացվածությամբ՝ սեպտեմբերի 24-ին Փեզեշքիանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ «աշխարհին կներկայացնի իրանական ժողովրդի խոսքը»:

Սիրիայի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ռուս-իրանական տարաձայնությունները դրսեւորվում են, գուցե, ավելի խորքային համատեքստում, որ կապված է Թեհրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ Մոսկվայի կասկածամտության հետ:

Դատելով որոշ հրապարակումներից, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» խնդիր ոչ միայն Փեզեշքիանի «ռեֆորմատորների թեւն» է առաջադրում, այլեւ՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի մերձավոր շրջապատի «մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ»:

Շոյգուն, ամենայն հավանականությամբ, Թեհրան է գործուղվել, որպեսզի «տրամադրություններ շոշափի»՝ որքանո՞վ է իրանական վերնախավը հակված Արեւմուտքի հետ երկխոսության: Միացյալ Նահանգները, ԵՄ ազդեցիկ երկրներն իրենց նախապայմանը բացահայտել են եւ Թեհրանից պահանջում են խզել Ռուսաստանին սպառազինություններ մատակարարելու պայմանավորվածությունները:

Իրանի նախագահը վերջերս մամուլի ասուլիս է հրավիրել եւ երկրի գլխավոր առաջնահերթություն հռչակել տնտեսական ճգնաժամի հաղթահարումը: Այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Իրանին օդուջրի պես անհրաժեշտ է դուրս գալ արեւմտյան պատժամիջոցների կապանքներից: Իսկ դա նույնիսկ տեսականորեն մի դեպքում է հնարավոր, եթե Փեզեշքիանը դադարեցնի Ռուսաստանին ԱԹՍ-երի եւ բալիստիկ հրթիռների հետագա մատակարարումները:

Շոյգուն Վլադիմիր Պուտինից ի՞նչ ուղերձ է փոխանցել Մասուդ Փեզեշքիանին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փեզեշքիանի ելույթն ի՞նչ սկզբունքներ է հռչակելու: Նյու-Յորքում Փեզեշքիանը կընդունվի որպես «ռեֆորմատո՞ր»: ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթից ուղիղ մեկ ամիս հետո նա կմեկնի Կազան: Հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը կանխատեսել է, որ Ռուսաստանի նախագահի հետ նրա «հանդիպումը թեժ է լինելու»: Իսկ եթե այն առհասարակ չկայանա՞:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման՝ ռուսական սահմաապահ ուղեկալ, ծանոթացել դրա աշխատանքին: Ռուսաստանի դեսպանի այցը հայ-իրանական սահման ըստ էության հաջորդում է Ռդ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի Իրան կատարած անցպասելի այցին, որը երկրորդն է անցնող մեկուկես ամիս ժամանակահատվածում: Ընդ որում, երկու անգամ էլ Շոյգուն այցելել է համենայն դեպս հրապարակավ չազդարարված այցով:

Երկրորդ անգամ նա Թեհրան է այցելել Սիրիայից, ուր դարձյալ չազդարարված այցով էր մեկնել եւ հանդիպել այդ երկրի նախագահ Ասադի հետ: Շոյգուն Սիրիայից մեկնում է Թեհրան, որտեղ ըստ իրանական մամուլի հավաստիացրել է, որ «զանգեզուրյան միջանցքի» հարցում Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը համահունչ են Իրանի մոտեցումներին: Իսկ ՌԴ դեսպան սերգեյ Կոպիրկինի այցը հայ-իրանական սահման, համահու՞նչ է Շոյգուի իրանյան այցին ու բանակցությանը:

Հնարավո՞ր է, որ դա ժեստ է ուղղված Թեհրանին: Թե՞ Կոպիրկինը հայ-իրանական սահմանից «զեկույց» պետք է պատրաստի Մոսկվայի համար, որն էլ քննարկման առարկա կդառնա արդեն ռուս-իրանական բարձր մակարդակի հանդիպմանը, որ կարող է կայանալ հոկտեմբերին Կազանում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

ՌԴ ԱԽ քարտուղարը Իրան այցի ընթացքում հանդիպել է նաեւ նախագահ Փեզեշկիանի հետ, նրան փոխանցելով ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, հայտնելով, որ Պուտինը Փեզեշկիանին «անհամբեր» սպասում է Կազանում: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ քննարկումներում Հայաստան-Իրան սահմանն ունի նշանակալի առկայություն, դա կասկածից վեր է, եւ Կոպիրկինի այցը ամենայն հավանականությամբ պայմանավորված է դրանով, եթե անգամ առավելապես «ընթացակարգային» բնույթի այց է: Միայն թե էականն այն է, թե Կոպիրկինի այցն ինչի մասին է վկայում բովանդակության իմաստով՝ Մոսկվան ու Թեհրանն ինչ որ բա՞ն են քննարկում սահմանի առնչությամբ, թե՞ այնտեղ առկա ստատուս-քվոն համարում են քննարկումից դուրս: