20/09/2024

Բնակելի տուն, բեռնատար մեքենա. ինչ եկամուտներ է հայտարարագրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը 2024 թվականի մայիսի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում որպես նվիրատվություն է ստացել 2013 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն։

Նա 90 օրից ավելի տնօրինել է այլ անձի պատկանող բնակարան, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Որպես շարժական գույք նախարարը ներկայացրել է 1989 թվականի արտադրության «ԶԻԼ» բեռնատար մեքենա, որը գնել է 2021 թվականին։ Այն տարեվերջին պահպանվել է։

Ղազարյանը 35 միլիոն 692 հազար դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ից։

Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 912 հազար 664 դրամ, որը տարեվերջին դարձել է 12 հազար 961 դրամ և 481 հազար 646 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 8 հազար 500 դոլար, որը տարեվերջին պահպանվել է, և 11 միլիոն դրամ, որն էլ տարեվերջին կազմել է 12 միլիոն 500 հազար դրամ։

Ղազարյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 27 միլիոն 251 հազար 637 դրամ, որից 2 միլիոն 750 հազար 949 դրամը ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, 1 միլիոն 875 հազար 600 դրամը՝ միանվագ վճարներ ՆԳ նախարարությունից, 3 միլիոն 679 հազար 370 դրամը կազմել է նրա կենսաթոշակը ՆԳ նախարարությունից, իսկ 18 միլիոն 945 հազար 718 դրամն էլ՝ աշխատավարձը։

Նախարարը ունի վարկ, որի մայր գումարի չափը կազմում է 26 միլիոն 544 հազար 65 դրամ։