20/09/2024

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

Fip.am-ն անդրադարձել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտված Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձին․

«Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ և ԼՂՀ մի խումբ քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվում, խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այսինքն՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Նաև հաղորդվում է, որ այդ անձինք, նախնական համաձայնությամբ, «ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (ավելի քան 2300 ԱՄՆ դոլար) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների»:

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, անցել նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

«Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։ Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, հանցագործությունը ավարտին չի հասցվել, և օպերատիվ գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Արբատի» մասին

«Արբատը» (Армянский батальон), որը բազմազգ «Պյատնաշկա» (Пятнашка) խմբավորման ստորաբաժանում է, հայկական արմատներ ունի և ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022-ին։ Դրա հիմնադիրը հայազգի Արմեն Սարգսյանն է՝ «Գորլովսկի» մականունով, որը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։

«Արբատի» հրամանատարն արցախցի Հայկ Գասպարյանն է (մականունը Աբրեկ)՝ նախկին վագներական։ Վերջինը, ի դեպ, 7,3 տարվա ազատազրկման է դատապարտվել զինված ու բռնությամբ զուգորդված կողոպուտ իրականացնելու համար: 2023-ին The insider-ը գրել էր, որ նա ազատազրկումն անցկացրել է բանտի խիստ ռեժիմի պահման պայմաններում և 2022-ին հավաքագրվել է ու ուղարկվել Ուկրաինա պատերազմի:

Russia Today-ը գրում է, որ «Արբատը» մշտական տեղակայման վայր չունի, այն գրոհայինների խումբ է, որը հատուկ գործողությունների ժամանակ հայտնվում է դեպքի վայրում։

RT-ի հետ զրույցում Հայկ Գասպարյանը հպարտացել է, որ ունի 9 մեդալ, որից մեկը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ «հատուկ ռազմական գործողության ժամանակ քաջություն դրսևորելու համար»։

2023-ի հունիսին այս ստորաբաժանումը պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից առաջ հանդիսավոր պայմաններում Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել դրա «ծնունդը»։ Հենց այդ ժամանակ էլ «Արբատը» ստացել է Հայ-առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը։ Վերջինս, նկատենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։

«Արբատում» միայն հայեր են։ «Այս ստորաբաժանումը ամբողջությամբ հայերից է կազմված լինելու՝ ԱՐԲԱՏ–Արմյանսկիյ Բատալյոն։ Մենք որոշեցինք ընդգծել և պատմությունը, և քաղաքականություն․․․ այդ պատճառով էլ ստորաբաժանումը կկռվի հայկական դրոշի ներքո»,- 2023 թ․ հուլիսին գրել էր «Պյատնաշկա» խմբավորման տելեգրամ ալիքը։

Այժմ «Արբատը» մասնակցում է Կուրսկի մարզի համար մղվող մարտերին»,- ասված է հրապարակված հոդվածում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: