Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ գրոհ սկսեց ավելի քան ինն ամիս գրեթե լիակատար շրջափակման օղակով թուլացրած Արցախի դեմ, այն վերջնականապես հայաթափելու հստակ ծրագրով ու միջազգային համաձայնությամբ:
Այդ միջազգային համաձայնության խոսուն վկայությունն այն էր, որ Արցախի դեմ ադրբեջանական լայնածավալ գրոհից երկու օր առաջ Թուրքիայում տեղի էր ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ, ու Եվրոպայի դիվանագետների հանդիպում եւ քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Էական չէ, թե որքանով էին նրանց դիրքորոշումները եղել համահունչ:
Էական է այն, որ նրանց երկրները չէին կարող չիմանալ Ադրբեջանի պատրաստած գրոհի մասին, եւ որեւէ մեկը մինչ այդ չի արտահայտել որեւէ մտահոգություն եւ անհանգստություն, չի արել որեւէ ակնարկ, որով թեկուզ փորձ կարվեր կանխել հասունացող աղետը՝ Արցախի էթնիկ զտումն ու տեղահանումը: Կատարվածի քաղաքական ու աշխարհաքաղաքական շերտերը շատ են, յուրաքանչյուր դերակատարի մասով՝ ըստ այդ դերակատարի շահերի ու պատասխանատվության:
Այդ հարցերի մասին խոսվել է շատ, դեռ կխոսի անխոիսափելիորեն, որովհետեւ Արցախի հայաթափումով ոչ ավարտվել են այդ շահերը, ու ոչ էլ Կովկասի հարցն է հանգուցալուծվել: Այն դեռ նոր է մոտենում կուլմինացիային: Եվ այդ իմաստով, Արցախի հետ կատարվածը նածխ պետք է դիտարկենք մեր պատասխանատվության պրիզմայով: Մեր՝ նախ Հայաստանի ու Արցախի էլիտաների, կառավարող ուժերի, ընդ որում ոչ միայն վերջին օրերի կամ ամիսների,այլ վերջին տարիներին, եւ ընդհանրապես հավաքական ընթացքի:
Մեծ է իհարկե գայթակղությունը գտնել բոլոր հարցերի դյուրին պատասխան՝ մեղավորների նույնքան դյուրին սահմանումով, ըստ քաղաքական կամ անձնական հայեցողության, ճաշակի, հարաբերությունների եւ կոնյուկտուրայի: Բայց, մեծ հաշվով թե Հայաստանը, թե Արցախը իրենց հասարակական-քաղաքական, ու նաեւ տնտեսական, ռազմական ընթացքով գործնականում պարփակված են եղել հենց այդ «գայթակղությունների» մեջ, ինչի հետեւանքով էլ կենսունակության ու մրցունակության, դիմադրունակության կայուն եւ համակարգային աճի փոխարեն, դեռեւս 2016 թվականին Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Ստեփանակերտ ու Արցախի ռազմա-քաղաքական էլիտային զգուշացներ, որ տարածքների վերադարձի տարբերակին չհամաձայնելու դեպքում կմնա երգել «Ստեփանակերտ-Ստեփանակերտ», ինչպես երգում ենք «Կարս-Կարս»:
Ընդ որում, միայն 4 տարի անց պետք է Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից մեկը հանրայնացներ այդ խոսքը, այն էլ ընդամենը 44-օրյա պատերազմի հետեւանքի համար քաղաքական պատասխանատվությունը «լղոզելու» անթաքույց նկատառումով: Արցախի կորստի արմատը այն ինքնախաբեությունն էր, որով ապրում էին Հայաստանն ու Արցախը տարիներ շարունակ, պաթետիկ քողի ներքո կոծկելով հայաստանյան ու արցախյան տնտեսա-քաղաքական եւ ռազմական էլիտաների անհեռատեսությունը, ընչաքաղցությունը, որով մսխվում էր արցախյան հաղթանակը բառի թե բարոյահոգեբանական, թե տնտեսական, թե քաղաքական իմաստով:
Այսօր էլ այդ ինքնախաբեությունը շարունակվում է այլ տրամաբանությամբ՝ ամեն ինչի միակ ու բացարձակ մեղավոր հռչակելով Փաշինյանին, եւ անմիջապես փակելով որեւէ այլ բերան, որը կփորձի դույզն իսկ տրամաբանական քննության ենթարկել կատարվածը, չտրվելով տարատեսակ քաղաքական կոնյուկտուրային գայթակղություններին: Այն, որ Նիկոլ Փաշինյանը աներկբա գերակա պատասխանատուն ու մեղավորն է Հայաստանի ու Արցախի հետ իր վարչապետության տարիներին կատարվողի համար, կասկածի ենթակա չէ:
Բայց նույնքան անկասկած է եւ այն, որ այդ կատարվածը, թեկուզ սկսած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց՝ հնարավոր է եղել Հայաստանի ու Արցախի ավելի քան երկու տասնամյակ կառավարած էլիտաների ապաշնորհության, ապապետական մտածողության, եւ այդ ամենից բխող համակարգային բազմաթիվ այլ արատների ու անգամ հանցավոր իրողությունների հետեւանքով:
Միաժամանակ, ի վերջո Փաշինյանի վարչապետության տարիներին Արցախում եղել է կառավարող համակարգ, նախագահ, կառավարություն, խորհրդարան, որոնց պարտականությունը չի եղել Արցախի ու Հայաստանի բյուջեի հաշվին հարմարավետ ապրելը, այլ եղել է Արցախի ժողովրդի անվտանգության կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերների հանդեպ պատասխանատվությունն ու դրանք զսպելու պարտավորությունը, եթե անգամ այդ մարտահրավերը գար Հայաստանի կառավարությունից:
Ամբողջ հարցն այն է, որ լայն իմաստով ինքնախաբեության թմբիրը բերեց Արցախի կորստի, եւ այն շարունակվելու դեպքում, հարցերը անհրաժեշտ խորությամբ ու հետագծով չքննելու եւ եզրակացությունները հնարավորինս ամբողջական ու ընդգրկուն չանելու դեպքում նոր կորուստներն են դառնալու անխուսափելի:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը