Սեպտեմբերի 19-ին Երեւան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը:
Նա Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի ղեկավարության հետ: Ի դեպ, նրա հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը դարձյալ բարձրաձայնել էր Հայաստանի իբրեւ թե «տարածքային հավակնությունների» հարցն ու Սահմանադրության փոփոխության պայմանը:
Այդ պայմանը Իլհամ Ալիեւը հնչեցրել էր նաեւ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում: Բլինքենի փոխտեղակալ Հաքը Բաքու եւ Երեւան է ժամանում Փաշինյանի, իսկ հետո Ալիեւի հետ Բլինքենի հեռախոսազրույցներից հետո:
Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները ըստ էության «նախապատրաստել» են Հաքի այցը, այն իմաստով, որ փոխտեղակալը իր հետ թերեւս Երեւան ու Բաքու է բերել մոտեցումներ, որոնք Փաշինյանի եւ Ալիեւի հետ նախնական քննարկման կամ դիտարկման է ենթարկել պետքարտուղարը:
Երեւանում Հաքի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության նշել է, որ «երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը»:
Երեւանն ըստ ամենայնի արհեստական խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրության առնչությամբ Բաքվի դիրքորոշումներն ու նախապայմանները:
Վաշինգտոնը ունի՞ դրա հաղթահարման որեւէ գործնական մոտեցում, թե՞ ոչ: Միրզոյան-Հաք հանդիպման վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունը նաեւ հայտնում է, որ «նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»: Ինչպես հայտնի է, այդ թեման Երեւանն ու Բաքուն տարանջատել են խաղաղության պայմանագրից:
Արարատ Միրզոյանն ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանըւ մի կողմից խոսում է խաղաղության պայմանագրի առնչությամբ «արհեստական խոչընդոտների» անընդունելիության մասին, մյուս կողմից հավաստիացնում Երեւանի՝ «հայտնի սկզբունքներով» ապաշրջափակման պատրաստակամությունը: Արդյո՞ք Երեւանը ապաշրջափակման հարցում այդուհանդերձ անուղղակիորեն պայման է դիտարկում խաղաղության պայմանագրի ստորագրումը, արձանագրելով, որ Բաքուն էլ այդ թեման պայմանագրից տարանջատելուց հետո՝ պայմանագիրը ստորագրելու պայման է դարձրել Սահմանադրության, ու ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցերը:
Այդ պարագայում հնարավոր կլինի ասել, որ Վաշինգտոնը որոշակի իմաստով թերեւս դիվանագիտական փակուղու առաջ է: Պետքարտուղարի փոխտեղակալ Հաքի ռեգիոնալ այցի նպատակն ըստ ամենայնի փակուղուց շարժ ապահովելն է, կամ առնվազն շարժի իմիտացիա ստանալը:
Կհաջողվի՞ այդ առումով որեւէ բան: Դրա ցուցիչը կլինի թերեւս Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպման հնարավորությունը:
Բաց մի թողեք
Վեթինգ՝ փաշինյանական ձեւով. դատական համակարգում ո՛չ վեթինգ ասվածն արմատավորվեց, ո՛չ էլ դրական փոփոխություն տեսանք
Հնարավոր է՝ նաեւ սով. Հայաստանը պետք է այդ արհավիրքին պատրաստ լինի
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին. Լուսանկար