Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցերին, բայց ոչ մեկին չի պատասխանել:
Բաքվի մամուլը տպավորություն է ստեղծում, թե Ռուբեն Վարդանյանը հայտնի Բայիլովյան բանտում այնքան ազատություն ունի, նրա իրավունքներն այնքան են հարգվում, որ կարող է ոչ միայն ամերիկացի փորձագետի, այլև Հայաստանի վարչապետի հետ հեռակա բանավեճի հնարավորություն իրացնի:
Առ այդ պահը Բաքվում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների հետ կապված որևէ հարց Հայաստանում տաբու էր: Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրումներին Ռուբեն Վարդանյանի արձագանքը կազմակերպելով՝ Ադրբեջանը փաստացի կոտրում է այդ տաբուն:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահը՝ շատ բարդ է կռահել:
Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ քաղաքականության զաբղվելու մտադրություն չունի, բայց Արցախի դեպքում վերաբերմունքը կփոխվի: Սա, ըստ էության, նրա պատասխանն է Փաշինյանի հարցադրմանը, թե ո՞վ է Ռուբեն Վարդանյանին գործուղել ԼՂ:
Վարդանյանը վստահեցնում է, որ դա իր որոշումն է, բայց նա չի պատասխանում Նիկոլ Փաշինյանի ամենասկզբունքային հարցադրմանը՝ ինչու՞ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և Մոսկվան ինչու՞ նրա ուրացել է՝ հայտարարելով, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի չէ:
Այդ թեմային անդրադառնալով՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը Վարդանյանի մասին ասել է, որ նա օգտագործում է ֆինանսական հնարավորությունները, որպեսզի միջազգային մեդիա-տիրույթում քարոզչական «կամպանիաներ» ծավալի: Իսկ նրա փաստաբանները դիմում են «տարբեր ատյաններ» և փորձում նրան ներկայացնել որպես խղճի կալանավոր:
Քարոզչությունը կառուցված է Ռուբեն Վարդանյանի ֆինանսական միջոցների և միջազգային կապերի՝ «դատաքննության» ընթացքին հնարավոր ազդեցության կանխավարկածով, իսկ երբ դա իշխանական լրատվամիջոցն է թույլ տալիս, ապա խնդիրը բազմակի անգամ հետաքրքիր է դառնում:
Ի վերջո, ոչ ոք չի ժխտում, որ Ռուբեն Վարդանյանը ռուսաստանցի գործարար և միլիարդատեր է, ով, անկասկած, Ռուսաստանի բիզնես և քաղաքական վերնախավում առնվազն ծանոթներ ունի, և նրա ճակատագրով կարող են կամ պետք է մտահոգված լինեն:
Ռուբեն Վարդանյանի Բաքվից հնչեցրած ուղերձը հաջորդում է Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որի վերաբերյալ Մոսկվայի թե պաշտոնական, թե քաղաքական շրջանակների արձագանքը սահմանակից է հիստերիային:
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի իշխանությունների հասցեին աննախադեպ կոշտ հայտարարություն է արել Սամվել Շահրամանյանը և նրանց մեղադրել «արցախցիների դեմ տեղեկատվական տեռորի» մեջ:
Երկու օր հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համակիրների հավաք է կազմակերպում, որի սցենարը և դերակատարները հիմնականում հայտնի են: Ռուբեն Վարդանյանի ուղերձը տարածվում է Հայաստանում ընդդիմադիր շարժման ճգնաժամի և նոր ընդդիմություն ձևավորելու շուրջ քննարկումների փուլում:
Ալիևին ձեռնտու՞ է Հայաստանում ներքաղաքական լարվածությունը:
Եթե այդպես է, ուրեմն «խմորը շատ ջուր է վերցնելու»: Որովհետև երբ մի տաբու խախտվում է, մյուսներն անձեռնմխելի չեն մնում: Թեման թեմա է բերում, խոսույթը՝ հակախոսույթ:
Բաց մի թողեք
Վեթինգ՝ փաշինյանական ձեւով. դատական համակարգում ո՛չ վեթինգ ասվածն արմատավորվեց, ո՛չ էլ դրական փոփոխություն տեսանք
Հնարավոր է՝ նաեւ սով. Հայաստանը պետք է այդ արհավիրքին պատրաստ լինի
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին. Լուսանկար