22/11/2024

Նշաձողերը դրսում եւ ներսում իջեցնելը Հայաստանը չի տանի որեւէ լավ տեղ

Նախօրեին Երեւանի Կենտրոնում տեղի է ունեցել երկու խոշոր բախում՝ տարբեր քաղաքացիներ հարաբերություններ են պարզել թե սառը, թե նաեւ տաք զենքի գործադրմամբ: Այդպիսի տեղեկություններն այլեւս չեն զարմացնում ոչ մեկին:

Եվ սա այն պարագայում, երբ 2019-ին շռնդալից մատուցվում էր քրեական ենթաշմակույթի դեմ պայքարի մասին օրենքը: Հայաստանում քրեական ենթամշակույթի վերելք է: Երեւանի ցանկացած հատվածում, օրվա ցանկացած ժամին հնարավոր է դառնալ տարբեր աստիիճանի զանգվածայնության եւ «սպառազինվածության» ռազբորկաների, ավելի ու ավելի անկաշկանդ «ռազբորկաների»:

Ակնառու է, որ հանրային որոշակի ենթամշակույթի կրող տարբեր խմբեր կամ շերտեր բացարձակապես ավելորդ են համարում կաշկանդվածության, զգուշավորության հանգամանքը, ինչը վկայում է իրավակարգի պահպանության համար պատասխանատու կառույցների հանդեպ լիակատար արհամարանքի մասին:

Եվ, եթե որոշակի ենթամշակույթի կրողները դրսեւորում են այդ արհամարանքը, ընդ որում թե տվյալ կառույցների, թե նաեւ հանրության հանդեպ, հանրության մոտ էլ այդ կառույցների հանդեպ խորանում է անվստահությունը:

Հանրագումարում, եթե Հայաստանի հասարակությունը, շարքային քաղաքացիները 44-օրյա պատերազմից հետո ըստ էության ապրում են արտաքին անվտանգության վերաբերյալ տագնապներով, անորոշությամբ, մտահոգությամբ եւ այլն, սկսել են ապրել նաեււ արդեն ներքին անվտանգության հանդեպ անվստահության, անորոշության զգացումով:

Չկա զգացում ու տպավորություն, որ Հայաստանում իրավակարգի համար պատասխանատու ինստիտուտները իրադրությանը տիրապետում են լիարժեք: Ավելորդ է խոսել անգամ տարատեսակ գողությունների զանգվածային աճի մասին:

Խոսելով թմրանյութերի տարածվածության մասին, Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե կան առավել զարգացած եւ ուժեղ իրավապահ ու հետախուզական համակարգեր ունեցող երկրներ, որտեղ վիճակն ավելի վատ է եւ նույնիսկ կուզեին, որ լիներ Հայաստանի նման:

Գուցե, օրինակ Միացյալ Նահանգներում, վիճակն այնքան վատ է, որ ԱՄՆ նախագահը այդ հարցը բարձրացնում էր Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը, որպեսզի Պեկինը Մեքսիկա չառաքի նյութեր, որոնցից հետո ստանում են թմրանյութ եւ տեղափոխում ԱՄՆ: Գուցե վիճակը իսկապես ավելի վատ է եվրոպական շատ երկրներում:

Բայց, նախ, եթե մի տեղ վիճակը ավելի վատ է, դա բոլորովին չի նշանակում, որ կարող է լինել մխիթարություն կամ բացատրություն Հայաստանի վիճակի առումով:

Ավելին, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ թե քաղաքական խնդիր ձեւակերպի պատասխանատու կառույցների առաջ, այլ պատասխանատու ամբիոններից գտնի այդ կառույցների անարդյունավետ աշխատանքի «բացատրություններ» կամ «մխիթարություն», ապա դա մեղմ ասած վատ ազդակ է իրավակարգի ապահովման համար պատասխանատուներին:

Քաղաքական ղեկավարությունը պետք է որդեգրի լիովին այլ տրամաբանությամբ վարքագիծ, եւ ներքին անվտանգության հարցը ըստ էության համարժեք դարձնելով արտաքին անվտանգության խնդրին, փորձի ձեւավորել իրավակարգի պաշտպանների պատվաբեր նկարագիր, ըստ այդմ նաեւ այդ համակարգերում պատվախնդիր հոգեբանություն, եւ ըստ այդմ համակարգերի առաջ դնի հանցավորության դեմ պայքարի բարձր նշաձողեր:

Այլապես, նշաձողերը դրսում եւ ներսում իջեցնելը Հայաստանը չի տանի որեւէ լավ տեղ: