Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը:
Ներկայացնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը. «Ստանալով ահազանգը` անմիջապես մեկնեցինք նշված հասցե: Տուժած օտարերկրացու և նրա ընկերոջ հետ զրույցից հասկացանք, որ նրա նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ կոնկրետ դեպքի վայրը եղել է Ջիվանու փողոցի տներից մեկը: Շտապ մեկնեցինք Ջիվանու փողոց, սակայն տուժածի նշած տանը այլևս մարդ չկար: Այդտեղ վարձով բնակվող բոլոր չորս տղամարդիկ դիմել էին փախուստի»:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Ըստ նախնական տեղեկությունների` «Նիսան» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն մատուցող երիտասարդին «Վոթցափ» հավելվածով զանգահարել էին իր համերկրացի երկու հոգի, պատվիրել, որ մոտենա Ջիվանու փողոցի մի տուն: Երբ մոտեցել էր, նրան հրավիրել էին ներս` թեյ խմելու: Ոչինչ չկասկածող տաքսիստը մտել էր տուն, որտեղ կացնի բութ մասով մեջքին հարված ստանալուց ընկել էր: Երբ վեր էր կացել, նկատել էր չորս անձի՝ դեմքերը կտորով ծածկած:
Նրանք սկսել էին տաքսիստին հարվածել, այդ ընթացքում մեկը պահել էր ձեռքերը, իսկ մյուսները գրպանից հանել էին 150 հազար դրամ, անձնագիրը, միջազգային վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը և բջջային երկու հեռախոս: Ավելին, պահանջել էին զանգահարել հայրենիքում բնակվող իր ընտանիքին, որ 10 հազար դոլար ուղարկեն, այլապես իրեն կվնասեն: Հետո կրկին հարվածել էին, քարշ տալով տարել հյուրասենյակ, կրկին պահանջել զանգել հարազատներին: Բայց մի հարմար պահի նկատելով, որ հյուրասենյակի պատուհանը բաց է, տաքսիստը դիմել էր փախուստի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ ավազակության հատկանիշներով, և իրավապահներն անցան գործի:
«Քննչական բաժնի հետ ձեռնարկած միջոցառումներով կարողացանք ճշտել ավազակություն կատարած անձանց ինքնությունը: Համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ` շուտով պարզեցինք նաև նրանց թաքնվելու վայրը: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում հայտնաբերեցինք օտարերկրացի չորս անձանց, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալեցինք և ներկայացրինք Մալաթիայի քննչական բաժին»,-մանրամասնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը:
Բոլորն էլ կալանավորված են: Հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»