13/12/2024

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Sabah թերթը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը (շենքը գտնվում է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց)»,- գրում է հրատարակությունը։

Ավելի վաղ «Anadolu» գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի հիմնական թեման լինելու է Գազայում տիրող իրավիճակը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանը կհանդիպի նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանիի, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Հիշեցնենք, որ համաշխարհային մի շարք առաջնորդներ, ինչպեես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ գտնվում են Նյու Յորքում, որտեղ մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: