Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվել են մեղադրյալները:
«Ինձ որեւէ հարց չեն տվել, ես այսօր որպես հանդիսատես էի: Մեղադրյալները ինձ ճանաչել են միայն դատական գործընթացի ժամանակ, մինչ այդ նրանք ինձ չեն ճանաչել, ես էլ իրենց չեմ ճանաչել: Այսինքն՝ արհեստածին քրեական գործ է նախաձեռնվել իշխանության հրահանգով: Որեւէ հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա կառավարության շենքում չի եղել, չի պլանավորվել: Դա հորինվածք է ԱԱԾ-ի ՀԿԳ քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից: Նա հորինել է այս մեղադրանքը, մեկ հոգու Արմեն Հարությունյան կոչվածին հավաքագրել են, ուղղորդել են, որ իմ դեմ ցուցմունք տա: Իբր ես եմ եղել այդ հանցավոր խմբի ղեկավարը, ովքեր փորձել են 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը:
Ընդ որում՝ մոտիվացիան հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարական թշնամանք ունենալը: Ես բազմիցս փորձել եմ դատերի ընթացքում պարզաբանել, որ գաղափարական թշնամանք հասկացողություն չկա, Նիկոլ Փաշինյանի հետ ես ունեմ գաղափարական տարաձայնություններ»,- ասաց Բազեյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով Սերոբ Գասպարյանի ու մի շարք այլ անձանց կալանավորմանը՝ պարոն Բազեյանն ասաց. «Մեր իշխանությունները տառապում են հոգեկան հիվանդությամբ: Անընդհատ վախի մեջ իրենց թվում է, որ ինչ-որ խմբեր են ձեւավորվում, որ ներթափանցեն կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնեն Նիկոլ Փաշինյանին, բռնազավթեն իշխանությունը: Ես չեմ հավատում իրենց հաղորդագրությանը, արհեստական քրեական գործ են հարուցել այդ մարդկանց վրա: Ես համոզված եմ, որ նման որեւէ մտադրություն այդ մարդիկ չեն ունեցել, մենք էլ նման մտադրություն չենք ունեցել:
Բազմիցս հայտարարել եմ, որ եթե ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանին ոչնչացնեինք, ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում, իր կազմից որեւէ մեկին կընտրեր վարչապետ ու կպահեր իշխանությունը: Դրա համար այս իշխանությանը իշխանազրկելու համար հարկավոր է համախմբել ընդդիմադիր առողջ, ազգային, քաղաքական ուժերին, ՀԿ-ներին… ամբողջ Հայաստանով մեկ ոտքի հանել մեր ժողովրդին անհնազանդության այսօրվա իշխանություններին»:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։
Բաց մի թողեք
Ադրբեջանից ակնկալում ենք, որ մի կողմ կդնի Հայաստանի դեմ իր առավելապաշտական դիրքորոշումները. Տիգրան Մկրտչյան
Ընդդիմադիր կոչվածներին եմ ասում, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ. Բագրատ սրբազան
Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. Թովմասյան