05/10/2024

Դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի․ Դիլանյանը՝ ՍԴ-ի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական դատարանն քննում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանոնակարգի սահմանադրականության մասին իր վերաբերմունքը կարտահայտի որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով։

«Վերաբերմունքս պետք է արտահայտեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով»,- ասաց նա։

Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն՝ արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք բոլորը պետք է հաղթահարվեն»:

ՀՀ Սահմանադրական դատարանը քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատեց՝ եթե պետք է որևէ միջազգային պայմանագիր վավերացվի, ապա դա չի կարող չներկայանալ Սահմանադրական դատարան։

«Եթե կա այդպիսի պայմանագիր, որը պետք է վավերականացվի, բայց չի արվել, դա նշանակում է, որ այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։ Հիմա բարձր դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ կանոնակարգը հակասո՞ւմ է, թե՞ ոչ։ Եվ դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ Կիրանցի սահմանազատումը ապօրինի կարո՞ղ է համարվել, քանի որ կանոնակարգը այդ ժամանակ չէր հաստատվել, Դիլանյանը նշեց, որ այս պահին որևէ գնահատական տալ չի կարող։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:

Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը վստահեցնում է՝ երբ գա ժամանակը, որ ՍԴ-ն պետք է արձագանքի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործին, կարձագանքի։

Այս մասին նա ասաց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Որպես անձ ուշադիր հետևում եմ իրադարձություններին, բայց որևէ կերպ չեմ միջամտում քրեական գործին»,- նկատեց նա։

Իսկ որպես դատարանի նախագա՞հ՝ Դիլանյանն արձագանքեց. «Որպես դատավոր ու դատարանի նախագահ՝ երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք»։

Հիշեցնենք՝ 4.5 տարվա դատավարությունից հետո դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի համար։

Ըստ քրեական գործի՝ մի դեպքում Թովմասյանը իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնելու համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները, և, ի վերջո, ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյան հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել իրենց սահմանած գներով։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։ Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։