15/10/2024

Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի գործընկեր Իտալիայի գործընկերոջ հետ

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումների շարքում հանդիպում է ունեցել նաեւ Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ: Այս հանգամանքը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ ընդամենը օրեր առաջ Իտալիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Իտալիան եւ Եվրամիության անդամ այն երկրներից է, որը բավականին սերտ թե տնտեսական, թե ռազմական գործակցություն ունի Ադրբեջանի հետ: Այդ համատեքստում, Հռոմի հետ աշխատանքի միջոցով իրավիճակը փոքրիշատե հավասարակշռելու ջանքը Հայաստանի համար դառնում է կարեւոր դիվանագիտական ուղղություն:

Տվյալ պարագայում սակայն հարց է, թե արդյո՞ք հենց այդ ջանքի նպատակադրումով է Նյու Յորքում տեղի ունեցել հանդիպում Իտալիայի ԱԳ նախարարի հետ, թե՞ հակառակը՝ այդ հանդիպման միջոցով Իտալիան ըստ էության յուրօրինակ միջնորդական կամ հաղորդակցային դեր է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ «Հայաստանն ունի սեղմ ժամկետում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հստակ կամք», առաջնորդվելով երկրների սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության սկզբունքով:

Դա հետաքրքրե՞լ է Իտալիայի արտգործնախարարին, թե՞ Հայաստանի արտաքին գործերի նախարարը «փնտրում» է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումների աջակցություն այն երկրների շրջանակում, որոնք սերտ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ եւ կարող են օգտակար լինել Բաքվի՝ չստորագրելու դիրքորոշումը փոխելու հարցում:

Ադրբեջանն, ինչպես հայտնի է, չի ընդունում խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու առաջարկը, որ արդեն քանիցս հնչեցնում է Երեւանը:

Ավելին, Իլհամ Ալիեւը նախօրեին Ադրբեջանի «նորընտիր» Միլլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած իր ելույթում Բաքվի թիվ մեկ նպատակ է հռչակել ռազմական հզորացումը: Իսկ այդ գործում Ադրբեջանի առաջնային գործընկերների շարքում է նաեւ Իտալիան:

Համենայն դեպս, Ալիեւի Իտալիա կատարած այցից օրեր անց Հռոմ այցելեց Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: