21/12/2024

Ինչու է չեղարկվել Ալեն Սիմոնյանի այցը Կանադա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով մեկնելու էր Կանադա, պատվիրակության կազմում կրկին ընդգրկվել էին բացառապես իշխանության ներկայացուցիչներ։

«Հրապարակ» թերթը գրում է. Այցից օրեր առաջ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նաեւ այն փաստը, որ պատվիրակության մեջ չկան ընդդիմադիրներ․ «Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները։ Վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»:

Երեկ տեղեկացանք, որ այցը Կանադա չեղարկվել է: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է անհայտ ժամկետով՝ «Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով»։

Կանադայի կոալիցիոն ուժերից մեկը լքել է կոալիցիան, եւ խորհրդարանի պալատի նախագահը զանգել է Սիմոնյանին ու խնդրել այցը հետաձգել, նա տվել է համաձայնությունը․ «իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված՝ կքննարկվեն հետաձգված այցի ժամկետները»։ Սակայն, վստահաբար, որոշակի դեր է խաղացել նաեւ կանադահայ համայնքի վերաբերմունքը: