Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Արցախի «վտարանդի Ազգային ժողովը» փորձել է նիստ գումարել եւ լրացում կատարել «Տոն եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որպեսզի սեպտեմբերի 19-ը սահմանվի «Արցախցիների ցեղասպանության օր»: Նիստը, սակայն, չի կայացել քվորումի բացակայության պատճառով:
Տեղեկությունը փոխանցող լրատվամիջոցը համարում է, որ Արցախի ԱԺ նիստը տապալվել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ: Նշվում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունից ներկա է եղել միայն Գագիկ Բաղունցը, որ կատարում է խորհրդարանի խոսնակի պարտականությունները:
Արցախի ԱԺ-ն կազմված է երեսուներեք պատգամավորից, որից ինը ներկայացնում է «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Եւ եթե Գագիկ Բաղունցն էլ ներկա է գտնվել, ապա ԱԺ-ն կարող էր քսանհինգ պատգամավորի ներկայությամբ նիստ գումարել եւ որոշում ընդունել:
Անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին «Միասնական հայրենիք» խմբակցությունից ԱԺ նիստին դարձյալ միայն Գագիկ Բաղունցն է ներկա գտնվել, բայց դա չի խանգարել, որ խորհրդարանը 23 պատգամավորի մասնակցությամբ նիստ գումարի եւ 22 ձայնով Արցախի նախագահ ընտրի Սամվել Շահրամանյանին:
Ինչպե՞ս է ստացվում, որ Սամվել Բաբայանի խմբակցության բացակայությունը նախագահ ընտրելու պատասխանատու որոշմանը չի խոչընդոտում, բայց «Տոն եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում չի կատարվում, քանի որ Սամվել Բաբայանը «հաճոյացել է Հայաստանի իշխանությանը»:
Արցախի ԱԺ Կանոնակարգ օրենքով քվորումը 17 պատգամավորի ներկայությունն է: Պետք է հասկանալ, որ բռնատեղահանությունից մեկ տարի անց Արցախի ԱԺ 17 պատգամավոր կամ այլեւս Հայաստանում չէ, կամ ինքնահեռացել է, քաղաքական գործունեությամբ այլեւս չի զբաղվում:
Սա պարզ ցուցիչ է, որ Ստեփանակերտի քաղաքական վերնախավը կաթվածահար է, թեեւ ամենատարբեր առիթներով պնդում է, որ կա, գործում է, նույնիսկ պատասխանատու է: Եթե, ի մասնավորի, Ազգային ժողովը մինչեւ 2025թ. մայիս լիազորությունների մեջ է, ապա Հայաստանից հեռացած կամ քաղաքական գործունեությունը դադարեցրած պատգամավորների մանդատի հարցն ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի լուծվում:
Այսօր խոսքը «Տոն եւ հիշատակի օրերի» մասին է, վաղը կարող է անհրաժեշտություն առաջանալ, որպեսզի Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխություն կատարելու հարց քննարկի՝ չեղյալ ճանաչելու ԼՂՀ լուծարման, իրենց իսկ բնորոշմամբ՝ ի սկզբանե իրավական ուժ չունեցած հրամանագիրը:
Այդ դեպքում քվորումի հարցն ինչպե՞ս է լուծվելու: Նման որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի «կողմ» ձայներով: Այսինքն, ԱԺ-ն պետք է առնվազն 22 պատգամավորի քվորում ունենա:
Պարզվում է՝ Արցախի ԱԺ 17 պատգամավոր արդեն ինքնակամ դադարեցրել է լիազորությունները: Նույնը կարող են վաղը մյուսներն անել: Արցախի քաղաքական ուժերը, մանավանդ նրանք, ովքեր ներկայացված են խորհրդարանում, պետք է հաղթահարել այդ ճգնաժամը:
Այսօր այդ ԱԺ-ն չի ճանաչվում, վաղը կարող է ճանաչվել, եթե կարողանա ընտրել այնպիսի խոսույթ, որը միջազգային դերակատարներին հասկանալի կլինի: Մինչդեռ փաստացի գործ ունենք ներքին դեգրադացիայի հետ: Մի օր էլ մի լրատվամիջոց, երևի, կգրի, որ պատգամավորների մեծամասնության ինքնահեռացման պատճառով Արցախի ԱԺ-ն վաղաժամկետ լուծարվել է: Իսկ ո՞վ կլինի բռնատեղահանված բնակչության ներկայացուցչական մանդատատերը:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
60 ամերիկացի կոնգրեսականներ պահանջում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար