Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։
«Հրապարակը» գրում է․ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։
Երեկ կեսօրին, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր ստորագրել, ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի։ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին, իսկ անցած հինգշաբթի՝ կուսակցական հավաքի ժամանակ, Մինասյանի ոսկորները պարզապես փշրել են․ ով չի ալարել, ելույթ է ունեցել այն «խայտառակության» մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։
Հիշեցնենք․ խոսքը փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մասին է, որը Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել:
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»