Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով ու դռնփակ նիստով այսօր քննեց հայ – ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը եւ անցավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը դեռ չի հրապարակվել:
«Բարձր դատարանը դրա համար էլ հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում: Եվ դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ», – նիստից առաջ այս պարզ ու ոչինչ չասող նախադասությունն ասաց լրագրողներին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` մատնելով իր հոգեվիճակն ու ՍԴ-ում տիրող անհեթեթ մթնոլորտը:
Թե որքան կարող է ՍԴ-ն մնալ խորհրդակցական սենյակում՝ որոշում կայացնելու համար, հստակ չէ, քանի որ դրա համար կոնկրետ ժամկետ սահմանված չէ՝ ամեն ինչ կախված է քննվող գործից։ Ի տարբերություն Փաշինյանի, որը օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգը արդեն սեպտեմբերի 5-ին՝ որպես չզեկուցվող հարց, հապճեպ հաստատեց կառավարության նիստի ժամանակ եւ անմիջապես ՍԴ ուղարկեց, ադրբեջանական կողմում չեն շտապում։ Հայտնի չէ, թե նույն ներպետական վավերացման գործընթացն այնտեղ երբ եւ ինչ ընթացակարգով է իրականացվելու։ Բաքուն նույնիսկ պաշտոնապես չի հրապարակել փաստաթուղթը, իսկ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը նախօրեին է գումարել, որի ժամանակ էլ Ալիեւը խոսել էր, ի դեպ, ոչ թե խաղաղության ու բարիդրացիության, այլ իր երկիրը զինելու եւ ռազմապես հզորացնելու առաջնահերթության մասին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, իրավական տեսանկյունից ՍԴ որոշման տեքստը ուղղակի խայտառակ կարող է լինել, բայց միջազգային գործընթացներից իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, ՍԴ որոշման հրապարակումը պայմանավորված է լինելու Նյու Յորքի արդյունքներով։ Եթե Փաշինյանին չհաջողվի ամերիկյան կողմից բավարար չափով ու հաստատուն կերպով որոշակի երաշխիքներ ստանալ՝ Բաքվի մերժողական քաղաքականության մասով, ապա նրան ոչինչ չի մնա, քան ժամանակ ձգելն ու այս դեպքում, չի բացառվում, որ ՍԴ որոշումը, ինչպես ասում են, «համ նալին, համ մեխին» սկզբունքով, այսինքն, հրապարակվի այնպիսի դիրքորոշում, որը մեկնաբանության տեղ կթողնի ու ապագայում հնարավորություն կտա խաղարկել` ըստ նպատակահարմարության։ Փաշինյանը հիմա պատանդի կարգավիճակում է ու այլ տարբերակ չունի։
Հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են, այսպես կոչված, սահմանազատման գործընթացն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Չնայած այս արձանագրմանը, սահմանազատման կանոնակարգում նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, հնարավոր է սահմանազատումն այլ սկզբունքներով ընթանան։ Այսինքն, Բաքուն անգամ այստեղ է արձանագրել, որ պրոցեսները կարող է տանել իր ցանկացած հունով։
ՍԴ-ի դրական որոշման դեպքում փաստաթուղթը կառավարությունը պետք է ողարկի Ազգային ժողով՝ վավերացման: Դատարանը որոշումը պետք է հրապարակի այն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում։ Իսկ ո՞րն է կանոնակարգի գլխավոր խնդիրը։ Մեկնաբանություն խնդրեցինք սահմանադրագետ Արամ Օրբելյանից։ Ըստ մասնագետի, գլոբալ առումով երկու խնդիր կա՝ քաղաքական եւ իրավական։ Քաղաքական տեսանկյունից այն վատ փաստաթուղթ է, եւ հարցերը բազմաթիվ են։ Օրբելյանը դրանցից միայն մեկն է նշում՝ օրինակ, թե ինչու է հղում արվում Ալմաթիի հռչակագրին, այն դեպքում, երբ հայտարարվում է, որ նպատակը խորհրդային սահմանների վերականգնումն է եւ խոսք է գնում 1975 թվականի քարտեզի մասին։ Հարց է առաջանում, թե ինչու չի նշվում, որ հենց այդ քարտեզն է ընկած գործընթացի հիմքում։
Բայց ամենալուրջ խնդիրը, որ արձանագրում է սահմանադրագետը, մասնավորապես` իրավական հարթությունում, կապված է կանոնակարգի 5-րդ հոդված 1-ին կետի եւ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի հետ։
«Սահմանազատման աշխատանքները հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։ Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»,-ասվում է կանոնակարգի 5-րդ հոդված 1-ին կետում։
«Սա առաջացնելու է այն խնդիրները, որոնք տեսել ենք Կիրանցում եւ Շուռնուխում։ Սա նշանակում է, որ ժողովրդի իշխանությունը գողանում են, նշանակում է՝ քո տունը կարող են տալ թշնամուն, զորքը կարող է գալ, տարածքում նստել եւ ասենք, 8 տարի հետո նոր հանրաքվե դրվի։ Ծայրահեղ օրինակ բերեմ, որ պարզ լինի, սա նշանակում է, որ Մհեր Գրիգորյանը վաղը կարող է մի թուղթ ստորագրել, որով Սյունիքը Ադրբեջան է եւ կարող են ասել՝ սա հիմա համարվում է սահմանազատված, բայց վաղը չենք քվեարկի․․․Ադրբեջանն իր ուզածը ստանում է եւ գործընթացը կանգնում է, էլ ոչինչ չեն անում»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում բացատրում է Արամ Օրբելյանը։
Մինչդեռ, Սահմանադրության 205-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում