ՀՀ արդարադատությունից խույս տված, ՌԴ-ում փախստականի կարգավիճակ ստացած և այդտեղ բնակվող Միհրան Պողոսյանը կրկին հիշեցրել է իր մասին։
Մոսկվայում գտնվող թանկարժեք ապարտամենտի թանկարժեք բազկաթոռի մեջ ընկղմված, հագած-կապած, Չե Գևարայի կեցվածք ընդունած (մորուքն ու սիգարներն էին պակասում) նախկին պաշտոնյան Արթուր Վանեցյանի հետ կապվող կայքին տված հարցազրույցում ազդարարել է՝ գիշերուզօր, այսինքն՝ քանի բերանում շունչ կա, երակներում արյուն, գրպանում էլ՝ փող, պայքարելու է այս վարչախմբին հեռացնելու համար, քանի որ «մենք սերունդների աչքերին նայելու խնդիր ունենք», թե՝ «ինչպես եղավ, որ այսպես եղավ»։
Իրավամբ, ներկայիս ու ապագա սերունդների համար այդպես էլ անընկալելի է, թե ինչպե՞ս եղավ, որ Միհրան Պողոսյանը, լինելով պետական չինովնիկ, դարձավ պետությունից հարուստ մեկը, անթիվ-անհամար բիզնեսների տեր։ Այդ ինչպե՞ս, քանի՞ տոննա հալալ քրտինք թափելու, քանի՞ լիտր արյուն (իր արյունը) ծախելու, քանի՞ քար քամելու արդյունքում, այն էլ մի երկրում, որն իբրև թե պայքարում էր կոռուպցիայի ու հովանավորչության դեմ՝ բացառությամբ, իհարկե, որոշ ազդեցիկ քեռիների ու հոպարների ամբարտավան զարմիկների։
Հիշեցնենք, որ Պողոսյանը մեկ էլ ամիսներ առաջ՝ ապրիլին էր ՌԴ-ի իր շքեղ ապարտամենտից լայվ մտել ու Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հաթաթայով հանդես եկել, ընդհուպ՝ ժամկետ նշանակել։ Թե չէ… հե՜չ, սպառնացել էր, որ բազմահազարանոց ցույց կանի Հանրապետության հրապարակում ու վարչախմբի հարցերը «հոպ-ստոպ» ռեժիմով կլուծի։
Չիմացանք՝ քանի մարդ հավաքվեց այդ ցույցին, բայց փաստ է, որ… չլուծեց։ Ինչևէ, ընդդիմադիր մասխարաների պակաս, ինչպես հայտնի է, մեզանում չկա։ Բայց պարոն Պողոսյանի դեպքն առանձնահատուկ է նրանով, որ վերջինս հաթաթաների արանքում մեկումեջ էլ խոսում է տղամարդկությունից և այլ վեհ-վեհ բաներից՝ չհաշված հայրենասիրությունն ու հայրենիքի՝ ժամ առաջ փրկությունը։ Տղամարդկության մասին միհրանպողոսյանական ընկալումներին դեռ կանդրադառնանք, իսկ նախքան այդ հիշեցնենք՝ ԴԱՀԿ նախկին պետը հեռակա հիմունքներով՝ չգտնվելով ՀՀ-ում, «Հայոց համազգային միասնություն» անունով կուսակցություն է բացել, որի անդամներն ակտիվ մասնակցում են «սրբազան պայքարի» ցույցերին, մեկումեջ էլ իրենց վրա են հրավիրում իրավապահների ուշադրությունը։
Ի դեպ, Պողոսյանն ինքն էլ իրավապահների ուշադրության կենտրոնում է՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2023-ի մայիսին հայտնի դարձած սկանդալային՝ ՀՀ ներմուծված բանանի արկղերում հայտնաբերված շուրջ մեկ տոննա թմրանյութի գործով (https://www.azatutyun.am/a/32415240.html)։
Արդ, ինչպե՞ս է հայրենիքի համար այդքան անհանգստացած, բայց հայրենիք վերադառնալու ռիսկ չանող նախկին բարձրաստիճան չինովնիկը ՀՀ-ում իշխանափոխություն անելու։ Խնդրո առարկա հարցազրույցում հնչած սույն հարցին ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը, որը ժամանակին եղել է նաև ԼՂՀ ԱԱԾ օպերլիազոր՝ մայորի կոչումով, տրագիկոմեդիկ պատասխան է տալիս. «Ինչպես կարող ա մարդ գտնվելով ոչ Հայաստանում, կուսակցությունը ամեն օր մեծանա, կուսակցության գրասենյակները ամեն օր համալրվեն նոր հայրենասերներով, և կուսակցությունը ամեն օր հայտնի դառնա պետությանը և հասարակությանը։ (ՀՀ տարածքում գտնվող բոլոր եփած հավերը այս պահին քահ-քահ ծիծաղում են-խմբ.)։
Այսինքն՝ մենք ունենք մի նպատակ, ես նորից եմ ասում՝ հավաքագրել բոլոր ուժերին («հավաքագրել» ասելով հո «վերբովկան» նկատի չունի՞-խմբ.) և տանել արտահերթ կամ հերթական ընտրություններ։ Եթե ստացվի, որ արտահերթ լինի, շատ ավելի լավ, քանի որ ժամանակը խաղում ա ի նպաստ մեր թշնամու:
Ինչքան երկար մնա էս գործող վարչախումբը, էնքան մենք տանուլ ենք տալու։ Մենք պետք ա նոր խաղացող (փաստորեն՝ ոչ թե ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավար, այլ՝ անհայտ ծագման խաղացող) ունենանք, նոր բանակցող ունենանք, որ կարողանանք հասնել հաղթանակի, կանգնեցնել գոնե գահավիժումը»։
Պաթոսի դոզան, համաձայն ենք, ահավոր բարձր էր, բայցևայնպես շարունակենք. «Շատ նման ա մեր երկրի էսօրվա կարգավիճակը մի երևույթի. ոնց որ մեր տուն գող ա մտել, և մենք նստած քննարկում ենք, թե՝ էս դուռը ով բաց թողեց, որ գողը մտավ ներս, և գողը մի սենյակից մյուս սենյակ է մտնում և ինչ-որ բաներ տանից հանում ա։ Մենք պետք է թողնենք մեր ներքին խժդժությունները, անհամաձայնություններն ու գողին առաջին հերթին վռնդենք տանից, որից հետո արդեն կնստենք, կքննարկենք, թե ոնց անենք, որ էլ գող չմտնի ներս, և մենք նման խնդիրներ էլ չունենանք։ Հիմա մեր խնդիրը, համար առաջին խնդիրը մի հոգի ա։ Էդ մի հոգին, մինչև ինքը չհեռացվի»։
Ի դեպ, «գող», «դուռը բաց թողնել» ասաց՝ հիշեցինք. հեղափոխությունից որոշ ժամանակ անց, երբ հայտնի դարձավ, որ ի թիվս այլ բարձրաստիան պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարարից մինչև «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար, Սերժ Սարգսյանի փեսա և «Բուլկի Արամ, երկիրը բարեհաջող լքել է նաև Միհրան Պողոսյանը, շատերը «նստած» քննարկում էին՝ ո՞վ բացեց մեր տան՝ պետության դռները, որ «գողերն» այդպես անարգել կարողացան ծլկել ու հեռուներից ճամարտակել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։
Կարո՞ղ է պատահի «դուռը բացողը» հենց նա է, որի անվան հետ կապվող լրատվական կայքը վերջին 6 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է իր «դռները բացում» ու տիրաժավորում մեկի հայտարարությունները, որոնցում քաղաքական ասելիքը «զրո» է, որը կարող է 45 րոպե խոսել՝ առջևում դրված «շպառգալկայից» օգտվելով, բայց 45-րոպեանոց հարցազրույցից ընդամենը մի կարճ կտոր ընդդիմադիր ագիտպրոպը համարի տիրաժավորման ենթակա։ Խոսքը այն դրվագի մասին է, որտեղ «բանանի արքան» խոսում է «կորած» 270 կիլոգրամ, իր խոսքով, «զիբիլի»՝ թմրանյութի «կորելու» մասին։ (Այդ թեմայի մասին՝ հաջորդիվ):
Այժմ տղամարդկության մասին Պողոսյանի դատողություններին անդրադառնանք։ Նախ նշենք, որ նրա կուսակցությանն են միացել «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբակի անդամները, որոնք նախկինում աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։ Անդրադառնալով այս փաստին՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն որպես պատգամավոր կողմ քվեարկած Պողոսյանը ծոր է տվել. «Մեր խնդիրը հեղափոխությունից հետո ի հայտ եկած ջրբաժանը վերացնելն է, բոլորին հավաքագրելն է, և, այո, պետք է ունենալ տղամարդկություն, որ՝ բարձրաձայնել ու ասել, որ՝ գիտեք ինչ, մենք սխալվեցինք, որ՝ մենք ճիշտ չէինք, որ գնացինք այս մարդու հետևից։ Ցավոք, էն բազմությունը, որոնց 2018-ին այսօրվա գործող վարչախմբի ղեկավարը խաբել է, բոլորը չեն, որ տղամարդկություն ունենում են և կարողանում են բարձրաձայնել և ասել՝ գիտեք ինչ, ես սխալվել եմ, և էսօր փորձել կատարել սխալների ուղղումներ։ …Սխալների ուղղումները դա տղամարդկություն է…»։
Մինչ հեղափոխությանը միացած ժողովուրդը իր մեջ տղամարդկություն կգտնի և կարձագանքի Պողոսյանին՝ նկատենք. Սերժ Սարգսյանի աճեցրած կադրը, որի և որի ընտանիքի անդամներին պատկանող գույքի օրինականությունը ՀՀ դատախազությունը վիճարկել է Հակակոռուպցիոն դատարանում, տղամարդկություն կունենա՞ գալու Հայաստան և դատարանում անձամբ ապացուցելու՝ ինչ ունի-չունի օրինական է, հալալ քրտինքով աշխատած, ի՞նչ ապօրինի գույք, ի՞նչ բան…
Ի դեպ, հարցազրույցը ընթանում էր ՀՀ և Արցախի մեծադիր դրոշների ֆոնին։ Միհրան Սուրենիչն էլ անընդհատ կրկնում էր՝ «Առցախ», «առցախցի», «առցախահայություն»։
Շինիչ հորդոր՝ ՀՀ-ում իշխանափոխություն անելուց առաջ գոնե հայերենի հնչյունաբանության տարրական կանոնները սերտեք՝ «Արցախ» գրում, Արցախ էլ կարդում ենք։
Մի դիտարկում էլ և վերջ. Պողոսյանը մեղադրեց նաև ՀՀ ԱԱԾ-ին իր գործառույթները չկատարելու մեջ և նշեց՝ «ամբողջ երկիրը վխտում ա օտարերկրյա գործակալներով»։ Նախկին ԱԱԾ-ականը, փաստորեն, դեմքով գիտի բոլոր վխտացող գործակալներին։ Բայց անուններ չի տալիս, քանի որ. «Как говорил Генеральный прокурор СССР: «Главное, в ходе следственных действий не выйти на самих себя…»։ Ի դեպ, Արթուր Վանեցյանի սիրելի ցիտատն է։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի «երկրորդ տարբերակը»
Այսպես խոսում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները