09/10/2024

Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է

Անցած մեկ տարվա իրադարձությունները եկան ապացուցելու փաստացի այն, ինչ մինչ այդ էլ հասկանալի էր ուղեղ և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկի, այն է՝ առանց Արցախի Հայաստանը դառնում է մեծապես թույլ և խոցելի։

Այնինչ, ժամանակին որոշակի շրջանակների, այդ թվում՝ այսօրվա իշխանությունների կողմից այնպիսի թեզեր էին գեներացվում, թե՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Չնայած, հիմա էլ այդպես մտածող մարդիկ կան։ Ցավոք, կան: Արցախի կորստից հետո մեր երկրի շուրջ փոխվել է տարածաշրջանային ստատուս քվոն, և ներկայում Հայաստանի վրա հարձակման մեծ վտանգ է կախված, որը կարող է նաև անդառնալի հետևանքներ ունենալ։

Տարածքների հանձնման արդյունքում այսօր ոչ միայն բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքներից բավականին հատվածներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Եթե նախկինում Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի բնակչությունը հանգիստ ապրում էր, քանի որ յուրաքանչյուրը գիտեր՝ հակառակորդը հարյուրավոր կիլոմետրեր հեռու է գտնվում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո լիովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է։

Դա են վկայում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Արձանագրենք՝ սրանք միայն մեկ բնակավայրում իրականացված հետազոտություններ են, բայց ինքնին լուրջ եզրակացությունների տեղիք են տալիս: Ի մասնավորի՝ մեկ բնակավայրի օրինակով արձանագրվում է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում բնակիչների բնականոն կյանքի խաթարումը։

Օրինակ՝ լուրջ խնդիր է դարձել խմելու ջրի հարցը, քանի որ խմելու ջրի ակունքները մնացել են Ադրբեջանի կողմից Հայաստանից օկուպացված տարածքներում։ Մյուս կողմից էլ՝ էականորեն տուժել է գյուղատնտեսությունը, քանի որ բնակիչները զրկվել են արոտավայրերից. թշնամին զբաղեցրել է այդ տարածքները, նաև տարածքի ականապատումն է նոր վտանգներ ստեղծել։

Ադրբեջանի զինված ուժերը մեծ թափով ծառահատումներ են իրականացրել ու խախտել էկոհամակարգը՝ խարխլելով ապրելու համար բնական միջավայրը։ Մարդիկ զրկված են նաև Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցի ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո են։

Եթե միայն մի բնակավայրում այսքան սպառնալիքներ են ի հայտ եկել սահմանամերձ հատվածում ապրող բնակիչների համար, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգների առաջ է սահմանամերձ մյուս հատվածների բնակչությունը։ Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր բնակավայր ունի իր յուրահատկությունը, և կան սահմանամերձ համայնքներ, որոնք առավել խոցելի են։

Բայց կան նաև առավել գլոբալ հարցեր, որոնց համար նույնիսկ բացահայտումներ անելու կարիք չկա։ Պարզ է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են ներխուժումների զոհ դառնալ։ Ու եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորականները անասուններ են գողացել, գերիներ են վերցրել, սպառնացել են և այլն