13/10/2024

Լավրովն ընդդեմ Հայաստանի՝ իրավիճակը նենգափոխում է

«1970թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, տարիներ տևած բանավեճերից հետո, միաձայն որոշել է, որ բոլոր պետք է պահպանեն այն պետության տարածքային ամբողջականությունը, որի կառավարությունը ճանաչում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և այդ կերպ ներկայացնում է համապատասխան տարածքի ամբողջ բնակչությանը»,- ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների մասին խոսելիս ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը։

Նա մեկնաբանել է, որ Կիևի «ռեժիմը չի ներկայացնում Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ռուս բնակչությանը»: Որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իրոք 1970թ. ընդունել է «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիր և այն անդամ բոլոր պետությունների կողմից ճանաչված է որպես ունիվերսալ փաստաթուղթ, ճիշտ է:

Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, իրավիճակը նենգափոխում է, երբ ասում է, որ Կիևի իշխանությունը չի ներկայացնում Ուկրաինայի ռուս բնակչությանը, որովհետև և Ղրիմը՝ որպես ինքնավար հանրապետություն, և Դոնբասի ու այլ մարզերի ռուս բնակչությունը մասնակցել է Ուկրաինայի անկախության հռչակմանը, սահմանադրության ընդունմանը:

Այսինքն՝ ազատ ինքնորոշման իրավունքն օրինական ճանապարհով իրացվել է և մինչև 2014թվականը ոչ ոք Կիևի իրավազորությունը չի վիճարկել: Բայց Ռուսաստանի արտգործնախարարի կողմից ՄԱԿ-ի ԳԱ «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի հիշատակումը պետք է գնահատել որպես ողջունելի քայլ:

Այդ իմաստով, չափազանց կարևոր է ԼՂ խնդրի գնահատումը: Եթե «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագիրն ունիվերսալ է, իսկ Լավրովը պնդում է, որ այդպես է, ապա տարածքային ամբողջականության հարգման սկզբունքն Ադրբեջանի նկատմամբ կիրառելի չէ երկու հիմնավոր պատճառով:

Նախ՝ Ադրբեջանը 1991թ. նոյեմբերի 25-ին լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, որ կազմավորվել է ինքնորոշման իրավունքի մասնակի իրացման ձևով: Երկրորդ՝ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացնում ԼՂ հայ բնակչությանը, նրա կողմից ընտրված չէ:

Եվ, առհասարակ, Ադրբեջանի անկախությունը հռչակվել, նրա սահմանադրությունն ընդունվել է առանց ԼՂ հայ բնակչության մասնակցության: Ռուսաստանը, իհարկե, պարտավորված չէր լինի ԼՂ պարագայում նման փաստարկներ բերել և պաշտպանել նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, եթե խնդրի հետ ուղղակի առնչություն չունենար:

Բանն այն է, որ 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին բոլշևիկյան Ռուսաստանը, հանուն խորհրդայնացված Ադրբեջանի, ագրեսիայի է դիմել և Հայաստանի անկախ հանրապետությունից օկուպացրել Լեռնային Ղարաբաղը:

Դա հաստատված է ռուս-հայկական զինադադարի մասին 1920թ. օգոստոսի 10-ի համաձայնագրով: Ըստ այդմ՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվեր խաղաղության մասին հայ-ադրբեջանական պայմանագրով: Քանի որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգում ինքնորոշման իրավունքը, այլև էթնիկ զտում է իրականացրել, Ռուսաստանը, համաձայն Լավրովի վկայակոչած հռչակագրի, լիովին իրավասու է Հայաստանի հետ ճշտել ԼՂ կարգավիճակը: Մոսկվան կգնա՞ նման քայլի: