22/12/2024

Սամվել Բաբայանը, երկու օր է, հրավիրվում է հարցաքննության

Արցախի ներկայացուցչության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ավելին, դրանք խորքային գործընթացներով են ուղեկցվում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի աջակիցները Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին կառույց ձեւավորել, որը իրապես կզբաղվի արցախցիների խնդիրներով և դրա ղեկավար նշանակել Սամվել Բաբայանին:

MediaHub-ը տեղեկացավ, որ այս գործընթացին զուգահեռ ուժային կառույցներից մեկը, մի քանի օր է, հարցաքննության է հրավիրում Սամվել Բաբայանին: Մեզ ասացին՝ առնվազն երկու օր նա հարցաքննվել է, և որ օկուպացված Արցախի իշխանությունների մատն այս ամենում խառն է:

MediaHub-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել հենց Բաբայանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: