22/11/2024

Բագրատ սրբազանի Կապան այցելությունից հետո են սկսվել բոլոր քրեական գործերը

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Մայր Աթոռի արարողություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Էջմիածին, որտեղ էլ նրա հետ Հրապարակ թերթը զրուցել է:

– Իրավապահները խուզարկել եւ առգրավել էին Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել Ձեր ընտանիքին պատկանող «Նորոգշին» ընկերությունը։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ ապօրինություն եք արել, որ հայտնվել եք իրավապահների ուշադրության կենտրոնում։

– Հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահների կողմից որոշում էր ներկայացվել փաստաթղթերի առգրավման վերաբերյալ։ Քրեական վարույթը հարուցվել է Քրօրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հրապարակային սակարկություններում եւ գնումներում չարաշահումներ իրականացնելուն։ Հատկանշականն այն է, որ առգրավված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են այն աշխատանքներին ու ծրագրերին, որին մասնակցություն է ունեցել իմ ընտանիքին պատկանող ընկերությունը։

– Եվ, ուրեմն, ի՞նչ ապօրինություն է եղել, որ մտել են «Նորոգշին»։

– Որեւիցե խախտում չկա, բոլոր գործընթացները գնացել են օրենքին համահունչ, իսկ «Նորոգշինի» հետ կապված քրեական վարույթն այլ վարույթ է։ Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ կապարակնքվել է արտադրամասերից մեկը, ճիշտ է, սակայն՝ բոլորովին այլ քրեական վարույթի շրջանակում։ Հատկանշական է այն, որ վարույթները սկսել են նախաձեռնել օգոստոս ամսից սկսած։

– Ինչո՞ւ, մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ Ձեր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է Բագրատ սրբազանին` Սյունիք այցելության ժամանակ ջերմ ընդունելու համար։ Դա ճի՞շտ է:

– Ես կարծում եմ, որ քաղաքական հետապնդման ենթատեքստեր նշմարվում են։

– Այս քայլով ի՞նչ են ուզում իշխանություններն ապացուցել։

– Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պատահական չէ, որ այդ ամենը սկսվել է սրբազանի այցից հետո։

– Կապանի պոլիտեխնիկի մասնաճյուղի նախկին տնօրեն Լեռնիկ Պետրոսյանին են օրերս կալանավորել։ Ինչ-որ անձինք ցուցմունք են տվել առ այն, որ նա բացակայած ուսանողներին գնահատականներ է նշանակել, փոխադրել մյուս կուրս, կաշառք է վերցրել, պետական միջոցներ է հափշտակել: Այդ ուսանողների թվում է նաեւ Ձեր եղբայրը։

– Իրականում շատ բան չեմ կարող ասել, գիտեմ միայն այն, ինչ շրջանառվում է մամուլում։ Իմ եղբայրը սովորում է պոլիտեխնիկում՝ հեռակա ուսուցմամբ, իմ իմանալով՝ այո, եղբայրս հաճախել է դասերին, քննություններին, դիպլոմային եւ այլ գործընթացների։

– Ձեր եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հարաբերություններն ի՞նչ մակարդակի վրա են, շփվո՞ւմ եք, մենք նկատել ենք, որ չեք բարեւում միմյանց, չեք շփվում։

– Որտե՞ղ եք նկատել։

– Քաջարանի եւ Կապանի տոներին, օրինակ։

– Հակառակը՝ Կապանի տոնին, եթե ներկա էիք, գուցե չեք նկատել, բայց բարեւել ենք։

– Իսկ ի՞նչ մակարդակի հարաբերություններ են, լա՞վ եք իրար հետ, վա՞տ եք, թե՞ բավարար։

– Զուտ աշխատանքային հարաբերություններ են` ոչ ավել, ոչ պակաս։