22/11/2024

Ռուս կուսակցապետի քծնանքը Ալիևին․ Ղարաբաղն Ադրբեջան է․ Լուսանկար

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպման ընթացքում ռուս կուսակցապետը բավականին ջերմ խոսքեր է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, խոստովանել, որ տպավորված է օկուպացված հայկական Շուշի այցելությամբ՝ այն անվանելով «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը»:

Շարունակելով անհարիր քծնանքն Ալիևին, ռուս կուսակցապետը նշել է, որ «իր համար նշանակալից էր իրականացնել իր վաղեմի երազանքը՝ այցելելով Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա։ Կարող եմ ասել, որ Ղարաբաղի տարածաշրջանն արտառոց տեմպերով է վերականգնվում։ Շուշին այսօր մեծ շինհրապարակ է, պատմական վայրերը վերականգնվում են։ Ուրախ եմ Շուշի այցելելու համար»:
Նա Արցախի բռնի հայաթափումն անվանել է Բաքվի քարոզչամեքենայի խեղաթյուրված խոսույթով և հայտարարել, որ «հակաահաբեկչական գործողության արդյունքում Ղարաբաղը վերադարձել է հայրենիք՝ Ադրբեջան»։ Այս համատեքստում նա նշել է, որ «դրանում բացի Ադրբեջանի ղեկավարությունից, այդ երկրի ժողովրդից ու զինված ուժերից՝ ոչ մի երկրի արժանիքները չկան»՝ հընթացս ակնարկելով Թուրքիայից հնչող հայտարարությունները:

«Կրկին շնորհավորում եմ Ղարաբաղի վերադարձի կապակցությամբ. Ղարաբաղը Ադրբեջան է»,-շողոքորթելով հավելել է Սլուցկին:

«Ղարաբաղն Ադրբեջան է». ռուս կուսակցապետը քծնում է Ալիևին