13/12/2024

«Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը. Լուսանկար

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ Աղավնի Մ.-ն, ում տարիքը ճշտվում է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ լրացուցիչ հետազոտություն անցնելուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։ Նրա կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝ վարորդի, վտանգ չի սպառնում։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և ավագ քննիչ Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։

 «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը