Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցելով Վարշավայում տեղի ունեցող միջազգային անվտանգության թեմայով ֆորումին, հայտարարել է, որ հայ հանրության մոտ կա «ահռելի հիասթափություն» Ռուսաստանից, որը չի պաշտպանել Հայաստանը, երբ եղել է այդ պաշտպանության կարիքը:
«Այս իրավիճակը մեզ ավելի է մոտեցրել Եվրամիությանը, ԱՄՆ-ին: Հասարակության արժեքների համատեքստում մենք մոտ էինք ԵՄ-ին, արևմտյան երկրներին, բայց անվտանգության համատեքստում՝ Հայաստանի ժողովուրդը հոգեբանորեն իրեն կապում էր ՌԴ-ի հետ: Հիմա այս երկրորդ բաղադրիչն ի չիք է դարձել:
Մարդիկ այլևս որևէ պատճառ չեն տեսնում իրենց ամբողջապես Եվրամիության հետ չկապելու համար»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը: ԱԳ նախարարի հայտարարությունը բավականին հետաքրքրական է, սակայն միաժամանակ հարց առաջացնող: Եթե «մարդիկ» չեն տեսնում որևէ պատճառ Եվրամիության հետ ամբողջապես չկապվելու համար, ապա ի՞նչ պատճառ է տեսնում Հայաստանը՝ օրինակ ՀԱՊԿ-ից ամբողջապես դուրս չգալու համար: Կամ ի՞նչ է նշանակում կապվել Եվրամիության հետ ամբողջապես:
Դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը դնելու է նաև ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հարցը: Արտաքին գործերի նախարարի ելույթը Վարշավայում հնչում է մի ժամանակ, երբ դրա նախորդ օրը Հայաստանում եղել է ԵԱՏՄ վարչապետների հավաք, դրա ընթացքում քննարկվել են ինտեգրացիան խորացնելու հարցեր, նաև ազդարարվել է Իրանի հնարավոր անդամության մասին:
Երբ դրա հաջորդ օրը Հայաստանի ԱԳ նախարարը Վարշավայի ֆորումում հայտարարում է, որ չկա Եվրամիությանն ամբողջապես չկապվելու պատճառ, լսարանի մոտ դա առաջացնելու է ավելի շատ հարցեր, քան հիացմունք՝ Հայաստանի այդ պատրաստակամության կամ դիրքորոշման հանդեպ:
Ընդ որում՝ հարցեր թե Հայաստանի ներիշխանական միջավայրում եղած հարաբերությունների առնչությամբ՝ հատկապես այս օրերին տեղի ունեցող ներթիմային կամ ներիշխանական կադրային շարժերի ֆոնին, և թե Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանական կառուցվածքի:
Որովհետև խոսքը մեծ հաշվով արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունների վերաբերող կոնցեպտուալ շեշտադրումների մասին է: Իսկ դրանց հանդեպ միջազգային դերակատարները ուշադիր են ավելի, քան սիրալիր՝ լսելիս:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին