17/09/2025

Արի կինոյի աշխարհ. Վերաբացվեց Կինոմոսկվան․ Լուսանկարներ

«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»: Սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր:

Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումը: Ցուցադրությանը կնախորդեն երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանն ու վերաբրենդավորմանը․ հաջորդիվ՝ հյուրասիրություն։
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար:

Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։

Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՜ ձայնային տեխնիկան, և՜ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր:

Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:

«Մոսկվա» կինոթատրոնն ուրախ է ներկայացնել իր նոր բրենդինգը, որը համատեղում է պատմությունը, մշակույթը և ժամանակակից դիզայնը։ Մեր նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։

Փոխվել է նաև մեր անունը․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», այնպես, ինչպես մեզ արդեն տարիներ շարունակ կոչում են մեր այցելուները։ Մեր նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Սպասում ենք ձեզ «Կինոմոսկվայում» միասին շարունակելու անցյալն ու ներկան միավորող մշակութային ճանապարհորդությունը։ Բացման ֆիլմում խոսում էր կինոթատրոնի երջանկահիշատակ տնօրեն, հրաշալի մարդ ու անկատականություն Մարտին Ադոյանը, ինչը նաև աշխատակիցների կողմից՝ Կապույտ դահլիճում, ընդունվեց ծափողջույններով։ Այժմ Կինոմոսկվայի տնօրենն է նրա որդին՝ Հովհաննես Ադոյանը։